Զախարովա. «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի խոսքերը սրում են իրավիճակը

Մոսկվան գիտի, որ հարևան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված են, և այդ արտահայտությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի –Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ադրբեջանցիներին Երևանը վերադարձնելու մասին» հայտարարությունը։

Արցախյան հարց. «Էրիվանի» նկատմամբ ալիևյան նկրտումները և հոմերական քրքիջը Հայաստանում

Հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է,  որ բնականաբար, տեսել են իշխող կուսակցության համագումարում Ադրբեջանի նախագահի ելույթը։

«Մենք շատ լավ գիտենք, որ հարևան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված են, և այդ արտահայտությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։