Քրիստոնեական Արցախը սխալմամբ ներառել են մահմեդական Ադրբեջանի կազմում. Խինշտեյն

Հետխորհրդային տարածքի բոլոր թեժ կետերը առաջացել են ստալինյան ազգային քաղաքականության սխալների հետևանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Արցախի շուրջ հակամարտությունը շատ առումներով Ստալինի սխալ քաղաքականության հետևանք է։ Այդ մասին ասել է Պետդումայի նախկին պատգամավոր, ներկայում Ռուսական գվարդիայի տնօրենի խորհրդական Ալեքսանդր Խինշտեյնը «Ատլանտիդայի վախճանը» գրքում։

Չնայած նրան, որ պատմությունը չի հանդուրժում հետադարձ հայացք, հեղինակը որոշել է Պուտինին դնել Գորբաչովի տեղը և փորձել վերլուծել ԽՍՀՄ փլուզման պատճառները, հաղորդում է Բիզնես Online–ը։

Արցախը պատերազմից դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած հանրապետություն

Խինշտեյնը պնդում է, որ միութենական հանրապետությունների մեծամասնությանն ընդհուպ մինչև 1991թ–ի վերջը «քիչ էր մնում ուժով դուրս շպրտեին միությունից` ասելով`բանտը փակվել է, ցրվեք։ Նրա խոսքով` ԽՍՀՄ–ն արհեստականորեն ստեղծված երկիր էր, իսկ հանրապետությունների մեծամասնությունը, որոնք այսօր անկախացել են, չեն ունեցել իրենց պատմությունը, իսկ նրանց տարածքները կամայականորեն ձևավորվել են հիմնականում ռուսական հողերի հաշվին։

«Ամենից ակնառու օրինակն Ուկրաինան է։ 80–ականների վերջի բոլոր թեժ կետերը եղել են ստալինյան ազգային քաղաքականության սխալների արդյունք, երբ ոչ ոք չէր մտածում, որ բացասական հետևանքներ կլինեն։ Այդպես ծագել է Արցախի խնդիրը, երբ քրիստոնյա հայերով բնակեցված տարածքը միացվել է մահմեդական Ադրբեջանին։ Այդպես է եղել սլավոնական Մերձդնեստրի հետ, երբ այն ներառվել է ռոմանական Մոլդովայի կազմ։ Այդպես է եղել նաև Աբխազիայի հետ, որն ինքնուրույն է մտել ԽՍՀՄ–ի մեջ և ոչ մի կապ չի ունեցել Վրաստանի հետ», – հետխորհրդային տարածքի «ցավալի կետերը» թվարկել է Խինշտեյնը։

Ինչպես նշում է հեղինակը, «երբեք չեն եղել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը»։ Հենց այդ պատճառով 1991թ–ին երկիրն արհեստականորեն կիսել են ստեղծված միջնորմներով` հաշվի չառնելով պատմական հանգամանքները։