ՌԱԴԻՈ

Բոշյան. «ԱՄՆ-ի պետական ինստիտուտի վերլուծությանը պետք է լրջորեն վերաբերվել»

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հորդորում է լուրջ վերաբերել ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում մասնավորապես ասվում է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:
Sputnik

Արման Բոշյան
«Վերլուծության մեջ կանխատեսվում է, որ 2018 թվականին կրկին լարված իրավիճակ կլինի արցախյան հակամարտության շուրջ, հնարավոր է մեծ պատերազմ սկսվի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, զեկույցում պնդում կա, որ Ռուսաստանը ևս կներքաշվի այդ պատերազմում և կաջակցի Հայաստանին։ Երբ նման վերլուծություններ են անում անկախ քաղաքագետները, որոշակի արտասահմանյան քաղաքական կենտրոնների վերլուծաբանները, դրանց կարելի է վերաբերել որպես սովորական վերլուծությունների։ Բայց երբ նման մակարդակի վերլուծություն է անում ԱՄՆ պետական ինստիտուտը, ապա դրան պետք է լրջորեն վերաբերել`հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը քաջատեղյակ է իրադարձությունների զարգացումից` որպես այդ իրադարձությունները թելադրող ու ստեղծող աշխարհաքաղաքական պետություն»,- ասում է Բոշյանը։

Փորձագետը հորդորում է զեկույցն ընկալել որպես մեզ համար կարևոր տեղեկություն և հաշվի առնել, որ դեպքերը կարող են զարգանալ զեկույցում արված կանխատեսումների ուղղությամբ։