Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է. ԱՄՆ զեկույցը Հայաստանի համար նորություն չէ

Իրականում ո՞վ պատրաստ չէ առաջ գնալ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում։ Հայաստանի փոխարտգործնախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության մասին ամերիկյան զեկույցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Այն, որ Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը: Հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, որում մասնավորապես ասվում է, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:

Ամերիկյան կողմը նաև շեշտում է, որ երկու կողմերն էլ պատրաստակամ չեն փոխզիջումների գնալու:

Քոչարյանը համաձայն չէ ամերիկյան կողմի այս ձևակերպմանը և որպես ապացույց հիշեցնում է Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս, թե իրականում ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն:

«Այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը անհերքելիորեն ապացուցեց, որ երբևիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում», —ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նաև ընդգծեց, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն անխուսափելի է: