Չենք վախենում, բայց անուշադրության էլ չենք մատնում. Քոչարյանը պատասխանել է սպառնալիքին

Ռուսաստանի հետ համագործակցելու համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հայտարարությունը ՀՀ իշխանություններին չի վախեցրել, բայց ստիպել է ավելի ուշադիր լինել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը չափազանցված է, բայց դա չի նշանակում, որ պետք է այն անուշադրության մատնել: Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՌԴ-ի հետ համագործակցության հետևանքով ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հայաստանի վրա կանդրադառնա՞ ԱՄՆ–ի քմահաճույքը. ինչո՞վ է տարբերվում Ադրբեջանը Ֆինլանդիայից

«Պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,- ասաց Քոչարյանը՝ միաժամանակ հավելելով, որ ծանոթ չէ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական գործարքների փաստաթղթին, ուստի չի կարող մեկնաբանել այն:

«Եկեք առաջ չընկնենք, մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է: Չկա այդպիսի կոնկրետ հարց, որը պահանջի բանակցություններ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի հետ»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել էր Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում, հնարավոր է, պատժամիջոցների հարց առաջանա նաև Հայաստանի նկատմամբ: