Հայերը կընդվզե՞ն, թե՞ պառակտման ճյուղերը կհասնեն Մայր Աթոռ. «մատաղացու գառան» պատմությունը

Թուրքիայի հայ համայնքում ստեղծված իրավիճակի մեղավորը հայ համայնքնի որոշ ներկայացուցիչներն են, կարծում է Արագած Ախոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության շուրջ Թուրքիայում ստեղծված իրավիճակի համար «Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ Արագած Ախոյանը մեղադրում է ոչ այնքան թուրքական իշխանություններին, որքան հայ համայնքին։

«Համայնքի որոշ ներկայացուցիչներ` իրենց բիզնեսի համար մտահոգ գործարարներ և Աթեշյան կոչեցյալը, ինքնամատույց ներկայացան թուրքական իշխանություններին` մատաղացու գառի կարգավիճակում, և, փաստորեն, թուրքական իշխանություններին այլ բան չէր մնում անելու, քան ընդունել այդ մեծ պատիվը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ախոյանը։

Նրա համոզմամբ` անցյալ տարի Թուրքիայի իշխանությունները թույլ տվեցին, որ եկեղեցական ժողովը նոր տեղապահ առաջադրի Արամ Աթեշյանի փոխարեն, ինչը նշանակում է` նրանք պատրաստ էին ընդունել հայերի ընտրությունը։ Բայց որոշ հայերի` թուրքական իշխանություններին հաճոյանալու հետևանքով ամեն ինչ փոխվեց։ Իսկ Աթեշյանի նման վերաբերմունքը, ըստ Ախոյանի, դավաճանություն է` հանուն աթոռի, բայց ժամանակավոր բնույթ է կրելու։

Ցտեսություն, Թուրքիա. Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակ է հրապարակել

«Լուրջ դեպքեր են զարգանալու, համայնքում հասարակական տրամադրություն կա, ընդվզման մի ալիք է բարձրանում, որն անպատասխան չի մնա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հայ եկեղեցում ստեղծված վիճակին, Ախոյանն այն աննախադեպ է համարում` նշելով, որ Հայ առաքելական եկեղեցու ամբողջ պատմության ընթացքում նման պառակտումներ մեկ-երկու անգամ են եղել։ Իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հեռացումը Ախոյանը հայ համայնքի խայտառակությունն է համարում։

«Այստեղ շատ մեծ անելիք ունի Մայր Աթոռը, որովհետև ժողովուրդը նաև Մայր Աթոռի ադեկվատ արձագանքի ակնկալիք ունի։ Եթե այդ արձագանքը չլինի և պատասխանը չտրվի, աստիճանաբար այս կեղտի շառավիղները մեծանալու են և ինչ-որ տեղ կարող են հասնել նաև Մայր Աթոռին»,- կարծում է նա։

Ի դեպ, Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը երեկ Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնել էր, որ հայ եկեղեցու շուրջ ծավալվող դեպքերի հետևանքով հայ համայնքում վախի մթնոլորտ է ձևավորվել։ Թուրքական իշխանությունների ճնշումներից վախենալով` թուրքահայերը գերադասում են չբարձրաձայնել իրենց բողոքը։

Հիշեցնենք, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը 2017թ-ի մարտին հայ եկեղեցական ժողովի որոշմամբ պետք է ժամանակավորապես փոխարիներ արդեն 9 տարի կոմայի մեջ գտնվող Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, բայց Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին պատրիարքի նոր ընտրություններ իրականացնել` ստիպելով տեղապահի պաշտոնը վերադարձնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Բեքչյանը երեկ` փետրվարի 13-ին, հայտարարեց, որ ինքը հեռանում է Թուրքիայից, բայց իրադարձությունների զարգացումը է՛լ ավելի կմասնատի համայնքը։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ կատարվածն ուսանելի կլինի համայնքի համար։