ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Երևանի ավագանու նիստում երեկ տեղի ունեցած միջադեպը Սերժ Թանկյանի հրապարակման շնորհիվ հասու է դարձել ոչ միայն հայ լսարանին։
SOAD խմբի մենակատարը հրապարակել է փետրվարի 13-ին միջադեպի մասին «Ասպարեզի» անգլերեն հրապարակումը, որտեղ տեղադրված է նաև հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը, և երևում է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին։
Թանկյանն այս միջադեպին ընդամենը երկու բառով է արձագանքել` «Ուղղակի սարսափելի է»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն ի նշան բողոքի գարշահոտ լուծույթով լցված ապակյա տարաներ էին բերել դահլիճ։
Նիստի ընթացքում ընդդիմադիր խմբակցության անդամները դիմակներ էին հագել, բացել ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում, հայտարարել, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն արդեն մի քանի ամիս ամեն օր այդ նույն գարշահոտությունն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։
ՀՀԿ խմբակցության ավագանու անդամներն ու քաղաքապետի խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանը հարձակվել էին ավագանու անդամներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա` բռնի ուժով դուրս հանելով նրանց դահլիճից։