Արցախը պատերազմից դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած հանրապետություն

ՀՀ նախագահն ուրախ է, որ ազատամարտիկները շարունակում են աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին։

«Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն»,- նշված է ուղերձում:

Նախագահն ընդգծել է` ուրախ եմ, որ դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով:

Սարգսյանն ընդգծել է, որ Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները:

ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

«Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել, և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին: Այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր»,- ասել է ՀՀ նախագահը:

Սարգսյանի խոսքով` մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան:

Նա Արցախի ազատամարտիկների միությանը մաղթել է արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և համայն հայության: