ՌԱԴԻՈ

Չախոյան. «Եղանակն իր կամքն է թելադրում օլիմպիադայում. որոշ մրցումներ հետաձգվեցին»

Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի խաղացանկն այսօր զգալի փոփոխություններ կրեց, և միակ պատճառը եղանակն էր, մասնավորապես` փոթորիկ հիշեցնող քամին:
Sputnik
Խաչիկ Չախոյան

Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն այսօր` փետրվարի 14-ին, ստիպված էին սաստիկ քամու պատճառով հետաձգել որոշ մրցումներ, որոնց անցկացումը և՛ հնարավոր չէր, և՛ վտանգավոր էր մարզիկների համար։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Փհենչհանից։

Առավոտյան բաց երկնքի տակ հաջողվեց անցկացնել միայն սնոուբորդի տղամարդկանց հաֆփայփի մրցումները: Առավոտյան ժամը 10-ին եղանակը դեռևս տանելի էր: Սակայն աստիճանաբար քամին ուժեղացավ ու վերածվեց փոթորկի: Կազմակերպիչները սկսեցին մեկը մյուսի հետևից հետաձգել այն մրցաշարերը, որոնք անցկացվելու էին լեռնադահուկային սպորտում և դահուկավազքում:

Հետաձգվեցին կանանց սլալոմի, տղամարդկանց սուպեր հսկա արագավայրէջքի, դահուկավազքի երկամարտի և կանանց բիաթլոնի 15կմ մրցատարածության մրցումները:

Փհենչհանում նույնիսկ վտանգավոր է դարձել փողոցով քայլելը, քանի որ ծառերը պարզապես «պարում» են իրենց ամբողջ հասակով, և տապալվելու վտանգ կա: Քամու հակառակ ուղղությամբ քայլելը հնարավոր չէ, իսկ համընթաց ուղղությամբ էլ շատ զգույշ պետք է լինել, քանի որ արգելակելն է դժվար:

Կարճ ասած, եղանակն այսօր լուրջ փոփոխություններ մտցրեց օլիմպիական խաղացանկի մեջ, բայց շարունակվում են այն մրցումները, որոնք անցկացվում են դահլիճներում կամ փակ մարզադաշտերում:

Փետրվարի 14-ին ընթացքի մեջ են հոկեյի տղամարդկանց ու կանանց մրցումները, կյոռլինիգի և չմշկավազքի մրցաշարերը: