ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Նուբարաշենի ՔԿՀ-ից դուրս եկող կոյուղագիծը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին չի պատկանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը։
Նրա խոսքով՝«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղատարն արդեն մի քանի տարի է` վթարված է, բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ են ստացել այդ տարիների ընթացքում, բայց իրավական առումով «Վեոլիա Ջուրն» այդ կոյուղագծի վրա աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի։
«ՔԿՀ-ի տարածքից դուրս եկող կոյուղագիծը մեր սպասարկմանը հանձնված ընդհանուր կոյուղագծին չի միանում, հետևաբար մենք դրա սպասարկման համար պատասխանատվություն չենք կրում։ Այդ կոյուղագիծը պատկանում է Նուբարաշեն ՔԿՀ-ին»,- ասաց Սարգսյանը։
Հարցին, թե ՔԿՀ-ից դուրս եկող խողովակն ընդհանրապես որևէ կոյուղատարի միացվա՞ծ է, թե՞ լցվում է շրջակա տարածք, Սարգսյանն այսպես պատասխանեց. «Դատելով տեղեկատվությունից` այնքան էլ չի միանում»։
Նա ավելացրեց, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչներն իրար հետ այցելելու են Նուբարաշեն` տեղում իրավիճակին ծանոթանալու և հնարավոր լուծումներ փնտրելու համար։
Ի դեպ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ խմբակցության անդամներն այսօր այցելել են Նուբարաշեն ՔԿՀ-ի հարակից տարածք`տեղում ծանոթանալու իրավիճակին։
«Այստեղ աշխատանքներ են տարվում՝ խնդրին լուծում տալու նպատակով։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ իրենց հանձնարարել են փորել, իրենք էլ փորում են, ոչնչից տեղյակ չեն։ Կարճ ժամանակ անց մոտեցավ նաև խողովակներով բեռնված մեքենան։ Հոտն իրապես անտանելի էր։ Հարակից շենքերի բնակիչներն ասացին, որ տարիներ շարունակ բողոքել են տարբեր պետական կառույցներին, սակայն խնդիրը լուծում չի ստացել»,- գրել է Վարդանյանը։
Գրառումից բացի, նա նաև լուսանկարներ է հրապարակել։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն ի նշան բողոքի գարշահոտ լուծույթով լցված ապակյա տարաներ էին բերել դահլիճ և հայտարարել, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր այդ նույն գարշահոտությունն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասված է։