Թուրքիայի քաղաքացին փորձել է անօրինական ձևով մտնել Հայաստան

Ստուգման ժամանակ պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, հաղորդում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ծառայության ընթացքում Արմավիրի սահմանապահ ջոկատը նկատել է անհայտ անձի, որն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձկնորսություն կատարել Հայաստանի տարածքում։ Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է։

«Ստուգման ժամանակ պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է` 1995թ–ին ծնված Կ.–ն։ Ձերբակալված քաղաքացին խոստովանել է մեղքը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Համաձայն փոխգործակցության կարգի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը տեղեկացրել են կատարվածի մասին։