Ավստրիայի ՆԳՆ–ն հայերին միանգամից «կմերժի», չնայած որ մեր երկիրն անվտանգների ցուցակում է

Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դիմումներն ավելի արագ կդիտարկվեն, ինչպես նաև ավելի արագ կմերժեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ավստրիայի համար անվտանգ պետությունների ցուցակում կներառվի Հայաստանը։ Այդ մասին հաղորդում է ավստրիական Kurier պարբերականը` հղում անելով հանրապետության ՆԳՆ ղեկավար Հերբերտ Կիկլային։ Ցուցակի մեջ կմտնեն նաև Ուկրաինան և Բենինը։ Որոշման նախագիծն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն։

Հայաստանի իշխանությունները կարող են ուրախանալ, իսկ պոտենցիալ ներգաղթյալները` ոչ այդքան։ Անվտանգ երկրների բնակիչների դիմումներն արագացված կարգով կդիտարկվեն։ Իսկ եթե դիմումն առաջին հայացքից չի «ձգում» ապաստանի, ապա ներգաղթյալների հարցերով զբաղվող իշխանությունները միանգամից կմերժեն։

Սկանդալ ԱՄՆ–ում. հայ հեռուստահաղորդավարուհուն մեղադրում են վիզաների խարդախության մեջ

Նախարարի կարծիքով` դա ապաստան ստանալու հավակնորդների համար խոսուն նշան է։ Օրինակ` երբ ցուցակում ներառվել են Ալժիրը և Մարոկոն, այդ երկրներից դիմումները կտրուկ կրճատվել են։

Նախարարը հանձնարարել է ևս մեկ անգամ ստուգել, թե կյանքի համար որքանով են վտանգավոր մյուս պետությունները։ Նա պահանջել է ուշադրություն դարձնել այն երկրներին, որտեղ թույլատրված է կամ դե ֆակտո կիրառվում է մահապատիժ, մասնավորապես` Ղազախստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը։

Որպես փախստականներ չպետք է թողնել նույնիսկ նրանց, ովքեր լավ են ինտեգրվել աշխատանքի շուկայում և գերմաներեն գիտեն։ Դրա համար ուրիշ միջոցներ կան. թող ներգաղթի դիմում ներկայացնեն (կարմիր–սպիտակ–կարմիր քարտ), կարծում է նախարարը։