Ամերիկյան հետախուզությունն Արցախի վերաբերյալ գուշակություն է անում սուրճի մրուրով

Ամերիկյան հետախուզության զեկույցում, որում խոսվում է Արցախի մասին, աչք է զարնում ոչ պրոֆեսիոնալ պահվածքը, սուրճի մրուրով գուշակություն անելու հակվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱՄՆ-ում լրջորեն վախեցած են արցախյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունից, և Ազգային հետախուզության զեկույցն անհրաժեշտ է դիտարկել այդ լույսի ներքո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

Փորձագետը կարծում է, որ հակամարտության գոտում նոր թեժացումը հարվածի տակ կդնի տարածաշրջանում Արևմուտքի բոլոր քաղաքական, տնտեսական և հաղորդակցական նախագծերը։ Նրա խոսքով` Ազգային հետախուզության զեկույցը պետք է ընկալել որպես ահազանգ, այլ ոչ թե Ռուսաստանին «անախորժություն պատճառելու» մտադրություն։

«Ղարաբաղում իրավիճակի թեժացման մասին կանխատեսումներն ԱՄՆ-ում հնչել են նաև անցած տարի։ Այն ժամանակ նշվել էր, որ նավթի գների անկման և սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետևանքով Ադրբեջանում ստեղծված ներքին իրավիճակը կարող է նախագահ Ալիևին դրդել նոր էսկալացիայի», — հիշեցրեց Սաֆարյանը։

Քաղաքագետի կարծիքով` Վաշինգտոնում, բնականաբար, չեն կարող հարյուրտոկոսանոց կանխատեսումներ անել, բայց ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր ռազմական ներուժը` միաժամանակ Հայաստանին սպառնալով նոր պատերազմով։

«Հակամարտությունը դեռ անկայուն վիճակում է։ Մի կողմից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ակնհայտորեն բավարար չեն խնդրի լուծման համար։ Մյուս կողմից` պաշտոնական Բաքուն ապրիլյան պատերազմից հետո չի փոխել իր դիրքորոշումը։ Նա շարունակում է զինվել և սպառնալ Հայաստանին պատերազմով։ Հենց դրա վրա էլ հիմնվում են զեկույցի հեղինակները», — նշեց նա։

Արցախը պատերազմից դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած հանրապետություն

Սաֆարյանը կարծում է, որ լայնածավալ թեժացման դեպքում երրորդ երկրների, այդ թվում` Ռուսաստանի միջամտելու հավանականությունը բավական մեծ է, և այդ առումով ամերիկյան հետախուզությունը ոչ մի նոր բան չի ասում։

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, հայտնի ռուս փորձագետ Ֆյոդոր Լուկյանովն էլ կարծում է, որ պետք է ուշադրություն դարձնել նման փաստաթղթեր պատրաստելու մեթոդիկայի վրա։

«Որքան ես եմ պատկերացնում, վերցնում են հակամարտությունների քարտեզը, որը բավական կայուն է, և ելնելով այն տեսական հավանականությունից, որ այդ հակամարտությունների օջախներից մեկը կարող է բռնկվել, կազմվում է փաստաթուղթ։ Իսկ թե ինչպիսի կետ է ընտրվում, կախված է հեղինակի անձնական նախասիրություններից», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը։

Ամերիկացիների հաշվարկները հիմնվում են նրա վրա, որ Կովկասի գրեթե բոլոր հարակից շրջանները գտնվում են նախապատերազմական կամ պատերազմական իրավիճակում։

«Սիրիան, քրդական խնդիրը, Թուրքիայի գործողությունները։ Իրանի շուրջ ստեղծված անհասկանալի և վտանգավոր իրավիճակը։ Պատկերավոր ասած, զեկույցի հեղինակները նայել են, թե ուրիշ ինչ կա։ Ահա այստեղ Արցախն է։ Նշանակում է` այստեղ ռիսկերը մեծ են։ Կարծում եմ, որ զեկույցը կազմվել է այդ տրամաբանությամբ», — ասաց նա։

Հիշեցնենք, որ ամերիկյան հետախուզությունը զեկույց է հրապարակել` նշելով, որ Արցախի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակից Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ամերիկացիները «կանխագուշակել» են, որ Մոսկվան ձգտում է իր ազդեցությունն ընդլայնել նախկին ԽՍՀՄ տարածքում։