ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառելիս կողմնակալ կլինի և, թերևս, չի պատժի Հայաստանին

Օրերս ԱՄՆ–ից երկու մտահոգիչ հայտարարություն եղավ`Թրամփն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին կրճատել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ ԱՄՆ-ը նաև Հայաստանի կառավարությանը տեղեկացրել է այն մասին, որ ռուսական ՌԱՀ-ի հետ «էական գործարքներ» կնքելու դեպքում երկիրը կարող է հավանական պատժամիջոցների կիրառման վտանգի տակ հայտնվել։
Sputnik

Sputnik Արմենիա, Ռուբեն Գյուլմիսարյան

Մեկը մյուսի հետևից երկու տեղեկություն տարածվեց, որոնց չգիտես ինչպես արձագանքել։ Նախ` Թրամփն առաջարկեց ԱՄՆ Կոնգրեսին կրճատել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը, իսկ հետո` ԱՄՆ-ը Հայաստանի կառավարությանը տեղեկացրեց այն մասին, որ ռուսական ՌԱՀ-ի հետ «էական գործարքներ» կնքելու պարագայում երկիրը կարող է հավանական պատժամիջոցների կիրառման վտանգի տակ հայտնվել։

Սկսենք նրանից, որ Թրամփը դեռևս միայն առաջարկել է Կոնգրեսին կրճատել ֆինանսական միջոցները։ Այնպես որ, դրանց մասին խոսել` որպես իրողության մասին, դեռ վաղ է։ Ինքներս էլ գիտենք, որ երբեմն Կոնգրեսը չի համաձայնում ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդի հետ։ Ինչ վերաբերում է տնտեսական աջակցության սահմանափակմանը, շատերը այն շտապեցին կապել Երուսաղեմի հանդեպ Հայաստանի դիրքորոշման հետ։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Թրամփը սպառնում փակել բոլոր նրանց ֆինանսական հոսքերը, ովքեր կհամարձակվեն դեմ դուրս գալ իր նախաձեռնությանը։

Թրամփն առաջարկում է կրճատել Հայաստանի ֆինանսական աջակցությունը

Դժվար թե դա այդպես լինի, քանի որ այդ դեպքում տրամաբանական կլիներ ոչ թե կրճատել օգնությունը, այլ ընդհանրապես անհնազանդ երկրներին զրկել ֆինանսական աջակցությունից։ Այնինչ ԱՄՆ նախագահն առաջարկել է Հայաստանին 2019 թվականին տնտեսական օգնություն տրամադրել 3,24 մլն դոլարի չափով (2018 թվականին` 4 մլն), Վրաստանին` 25 մլն-ի, իսկ Ադրբեջանին` 3 մլն-ի չափով (2018 թվականին զրկված էր օգնությունից)։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը, որը, բնականաբար, չէր կարող չսատարել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից վրդովված Էրդողանին, օգնությունից չի զրկվել, այլ հակառակը։ Թե ինչով է պայմանավորված նման կողմնակալությունը, այդքան էլ պարզ չէ` դա կամ միայն Թրամփին է հայտնի, կամ էլ հետագա իրադարձությունները կպարզեն իրականությունը։

Անդրադառնանք երկրորդ հայտարարությանը։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, թե Հայաստանը կամ որևէ այլ երկիր էական, կարևոր պայմանագրեր ստորագրելով Ռուսաստանի պաշտպանական համալիրի ձեռնարկությունների հետ, կարող են ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվել։ Առանցքային բառն այստեղ «կարևորն» է։ Թե որքան «կարևոր» կարող է համարվել Հայաստանի կողմից զենք գնելու գործարքը, պարզ չէ։

Մարգարյան. «Սա վատ հետևանքներ է ունենալու և՛ պատժամիջոցներ կիրառողների, և՛ դրանք կրողների վրա»

Պարզ է սակայն, որ ռուսական ՌԱՀ-ի հետ կնքված պայմանագրերի էական, կարևոր կամ ոչ էական լինելը յուրաքանչյուր երկրի համար ամերիկացիներն առանձին են դիտարկելու և կողմնակալությամբ։ Ի վերջո հիշենք, որ ԱՄՆ-ին ամենևին չէին հուզում սերտ հայ-իրանական կապերը միջուկային ծրագրի պատճառով մեր հարևանի նկատմամբ խիստ հակաիրանական պատժամիջոցների կիրառման ժամանակաշրջանում։ Հարցն այն չէ, թե Հայաստանին ամեն ինչ թույլատրված է, պարզապես մենք ազատ մանևրելու համար բավականաչափ տարածություն ունեինք, որից էլ կարողացանք լիարժեք օգտվել։

Հավանաբար ԱՄՆ-ը հենց նույն կերպ կվերաբերի Հայաստանին ռուսական զենքի մատակարարմանը, քանի որ այլընտրանք չունի։ Այժմ փորձագետները ենթադրում են, թե ամերիկյան վերջին նախազգուշացումը Թուրքիային և Սաուդյան Արաբիային է վերաբերում, որոնք ԱՄՆ-ի համար անսպասելիորեն որոշեցին հետաքրքրվել Ռուսաստանի ռազմական հնարավորություններով։ Հավանաբար նաև Հնդկաստանին, որին ամերիկացիները կփորձեն հակառակը համոզել` բարի կամքի դրսևորմամբ։

Սկզբունքորեն դեռ պարզ չէ, թե որքանով պատժամիջոցների սպառնալիքը կամ նույնիսկ պատժամիջոցների կիրառումը կարող է անդրադառնալ ռուսական ՌԱՀ-ի վրա` հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհով աճում է զենքի պահանջարկը` անկախ բոլոր սահմանափակող նախաձեռնություններից։ Օրինակ` անցած տարի պատժամիջոցների կիրառման ժամանակ«Ռոսոբորոնէքսպորտը» 53 երկրների հետ 15 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել։

Թաքցրած հաղթաթուղթ. կարգելի՞ արդյոք ԱՄՆ–ը Հայաստանին ու Ադրբեջանին զենք գնել Ռուսաստանից

Այսինքն պատժամիջոցների կիրառման ընտրողական մոտեցումը անխուսափելի է։ Բացի այդ, Ռուսաստանից Հայաստանը զենք գնում է հիմնականում վարկային միջոցներով, որոնք այդքան էլ մեծ գումարներ չեն։ Դժվար թե ԱՄՆ-ն ուշադրությունը սևեռի նման աննշան ծավալների վրա` շատ լավ գիտակցելով, որ նման գործողությունները կարող են փոխել Հարավային Կովկասում ուժային հավասարակշռությունը։ Իսկ դա ձեռնտու չէ հենց ԱՄՆ-ին, չհաշված որևէ այլ երկրի շահերը։