«Տեր ողորմեա»–ի համար բերման են ենթարկում. Թուրքիայում վախի մեջ են ապրում ոչ միայն հայերը

Թուրքական իշխանություններից սարսափած են ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակն այդ երկրում տիրող որոշ իրողություններ է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերադարձով ավարտվում է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության շուրջ մեկ տարի ձգվող պատմությունը, հայ համայնքը ստիպված ժամանակավորապես համակերպվում է թուրքական իշխանությունների կողմից պարտադրված Արամ Արքեպիսկոպոսի նշանակման հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրաժեշտի նամակը` նման կարծիք հայտնեց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

«Թուրքահայ համայնքը շատ է սրտնեղել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հրաժեշտի նամակից»,- ասաց Էստուկյանը` միաժամանակ նշելով, որ հայ համայնքում անկումային տրամադրություններից բացի նաև վախի մթնոլորտ է ձևավորվել` Թուրքիայի իշխանությունների ճնշումների հետևանքով։

Բագրատ Էստուկյանը հիշեցրեց, որ կիրակի, երբ թուրքական իշխանությունների որոշմամբ Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ կարգվելուց հետո Արամ արքեպիսկոպոսը պետք է քարոզեր Ստամբուլի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում, ստամբուլաբնակ սասունցի կին գրող Բեսսե Քաբաքը սկսել էր բարձրաձայն «Տեր ողորմեա» կանչել` թույլ չտալով արքեպիսկոպոսին սկսել իր խոսքը։ Ոստիկանները կնոջը դուրս են հանել եկեղեցուց, բերման ենթարկել ոստիկանություն ու պահել այնտեղ մի քանի ժամ` մինչև եկեղեցական քարոզի ավարտը։

Ցտեսություն, Թուրքիա. Գարեգին Բեքչյանը հրաժեշտի նամակ է հրապարակել

Էստուկյանը, ներկայացնելով տեղի ունեցածը, խոր ցավ հայտնեց ոչ այնքան տեղի ունեցածի, որքան դրա նկատմամբ ներկաների վերաբերմունքի մասին։

«Ցավալին այն է, որ ոչ ոք չմիջամտեց` ո՛չ եկեղեցականները, ո՛չ քաղաքացիները։ Կարելի էր միջամտել ու ոստիկանների ձեռքից ազատել հայ կնոջը։ Բայց ոչ ոք չարեց դա»,- ասաց նա։

Էստուկյանի համոզմամբ` հայ հայերի նման պահվածքը ոչ թե անտարբերության, այլ Թուրքիայում առկա վախի մթնոլորտի հետևանք է, ընդ որում` ոչ միայն հայերի ու այլ ազգային փոքրամասնությունների, այլև հենց թուրքերի շրջանում։

«Ամբողջ ժողովուրդը ահ ու սարսափի մեջ է, որովհետև իշխանություններին անհաճո ցանկացած ձայն անմիջապես բանտարկությամբ է ավարտվում, ոչ մի օրինականություն չի մնացել երկրում։ Ոչ ոք բողոքելու, ընդվզելու համարձակություն չունի, այդ թվում` թուրքերը»,- ասաց հայ խմբագրապետը։

Հիշեցնենք, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որին թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, այսօր հայտարարել է, որ հեռանում է Թուրքիայից և հրաժեշտի նամակ է հրապարակել:

«Այս մութ արշավները շատ տգեղ չափերի հասան: Վախենում եմ, որ այս ամենն ավելի կմասնատի մեր համայնքը»,- նամակում գրել է Բեքչյանը։

Նա հույս է հայտնել, որ կատարվածն ուսանելի կլինի համայնքի համար։