ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ինչպես հայտարարում են ակցիայի մասնակիցները, որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրելու մյուսների նկատմամբ: Ցուցարարները բարձրաձայն վանկարկումներով մտել են Երևանի քաղաքապետարանի շենք: Սակայն ոստիկաններն ուժով դուրս են հանել նրանց: Այս պահին քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է` սուլոցներով և վանկարկումներով:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:
«Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին` Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛, առհասարակ, որի հետևանքով վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստը վերածվեց քաշքշուկի, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և բացեցին իրենց հետ բերած ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք նշեցին, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր նման գարշահոտություն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։
«Երկիր ծիրանի» ավագանու անդամները և Հանրապետական խմբակցության անդամները դրանից հետո քաշքշել են իրար և հարվածել: