Կրակոցներ Գավառում. երիտասարդը հրազենային բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Հացառատ թաղամասի բնակիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Գավառ քաղաքում հնչած կրակոցներից հետո երիտասարդ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին, Գավառի բժշկական կենտրոնից ստացված հաղորդման փաստով։

Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. մորը սպանած կինն ինքնասպան է եղել

Ժամը 21։00-ին նշված կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին հայտնել են, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին (գնդակ)» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն ու քննիչները։ Նրանք պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 31-ամյա Հայրապետ Հարությունյանն է։