Խաչիկ Չախոյան, Sputnik.
Հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված նորությունները Հայաստանում քննարկման առարկա են դարձել ու մի շարք կայքերում նշվում է, որ հայ լեռնադահուկորդը, լինելով Փհենչհանում, հրաժարվում է մասնակցել մրցումներին:
Sputnik Արմենիան հարցազրույց ունեցավ Աշոտ Կարապետյանի հետ տեղում՝ Փհենչհանում, ու պարզվեց որ հայ լեռնադահուկորդը իր մարզագույքը կստանա մոտ օրերս ու կմասնակցի օլիմպիական խաղերին:
Աշոտ Կարապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դահուկային սպորտի ֆեդերացիան մինչև օլիմպիական խաղերը իր համար պատվիրել է և՛ դահուկներ, և՛ համապատասխան մարզակոշիկներ: Բայց Փհենչհան ժամանելուց հետո պարզվել է, որ պատվերը ստացած կազմակերպությունը չի կարող գույքը հասցնել Կորեա: Ստեղծված իրավիճակում Հայաստանի օլիմպիական կոմիտեն հարցին լուծում տալու համար գնել է մարզագույքը Մոսկվայից. այն Փհենչհան կժամանի մոտակա երկու օրերի ընթացքում:
«Բնական է, որ առանց դահուկների ես ելույթ ունենալ չեմ կարող: Ոչ թե հրաժարվել եմ, այլ հնարավոր չէ պարզապես: Բայց ՀԱՕԿ-ի ջանքերով դահուկներն ու համապատասխան մարզակոշիկները գնվել են ու, ինչպես ինձ տեղեկացրին, այն Փհենչհանում կլինի երկու օրից: Մրցուղուն ծանոթանալու համար ինձ պարզապես մարզվել է հարկավոր մի քանի անգամ: Եթե չմարզվեմ, չեմ կարող մրցմանը մասնակցեմ: Շնորհակալ եմ ՀԱՕԿ-ից, որ կարողացան հարցին լուծում տալ, ու եթե ես մարզագույքը ստանամ երկու-երեք օրից, կհասցնեմ արդեն նախապատրաստվել մրցմանը»:
Հավելենք, որ մեր պատվիրակության ղեկավարը՝ Գագիկ Բոլշիկյանը, փորձել է դահուկներ ձեռք բերել նաև Փհանչհանում: Սակայն, ինչպես պարզվել է, Կորեայում լեռնադահուկային սպորտին համապատասխան դահուկներ չկան, չնայած նշեմ, որ մյուս բոլոր ձևերի դահուկները տարբեր հանրահայտ արտադրողների կողմից վաճառվում են հենց մրցումների հարևանությամբ տեղադրված տաղավարներում:
Աշոտ Կարապետյանի ելույթը նախատեսված է փետրվարի 22-ին: Հետևաբար, եթե դահուկները և համապատասխան մարզակոշիկները մարզիկը ստանա վաղը կամ մյուս օրը, կհասցնի և՛ մարզվել, և՛ մասնակցել մրցումներին: Սպասենք…