ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Միջպետական ավիացիոն կոմիտեն Ան-148-ի սև արկղի տեղեկությունը գաղտնազերծելու արդյունքում որպես օդանավի վթարման հիմնական վարկած նշել է շարժիչի անսարքությունը։
Կոմիտեի հրապարակած տվյալներով` ինքնաթիռի` օդ բարձրանալուց մոտ 2,5 րոպե անց գրեթե 1300 մետր բարձրության վրա 465-470 կմ ժամ արագությամբ թռչող օդանավում «հատուկ իրավիճակ» է ստեղծվել։
Այդ ժամանակ ձախ օդաչուի ՕՊՄ1-ի (օդային պարամետրերի մոդուլ) և ՕՊՄ3-ի արագության ցուցիչների միջև անհամապատասխանություն է առաջացել։ Այդ մասին նշվում է միջպետական ավիացիոն կոմիտեի կայքում։
Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ աղետը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին սխալ տվյալների պատճառով։
Սարքերի սխալը, ամենայն հավանականությամբ, ջեռուցման համակարգերի անջատվելու պատճառով ճնշման ընդունիչների սառեցման հետևանք է եղել:
Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները նոր տվյալներ կհրապարակեն ինքնաթիռի սև արկղի տեղեկությունը գաղտնազերծելուց հետո։