ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ռուսաստանաբնակ ազգությամբ հայ հայտնի երգչուհի, պարուհի և հաղորդավարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) միայն այսօր առավոտյան է իմացել երեկ Սանկտ Պետերբուրգից Օրսկ մեկնող օդանավի կործանման մասին։
Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապակել տխուր և հուզիչ վերջաբանով «Մեկ օր» ֆիլմից, որում պատկերված է ֆիլմի հերոսուհին`հոլիվուդյան դերասանուհի Էն Հեթեուեյի մարմնավորմամբ և սրտի կսկիծով գրել է այն մարդկանց մասին, ում համար այսօր առավոտյան արևն այլևս չծագեց։
«Երեկ քնելուց առաջ դիտեցի «Մեկ օր» ֆիլմը` Էն Հեթեուեյի մասնակցությամբ։ Քնեցի արցունք աչքերիս, իսկ երբ արթնացա, առաջինը կարդացի երեկ տեղի ունեցած ավիաաղետի մասին լուրերը։ Մի սարսափելի օր կարող է այդքան կյանք, հույս, երազանք առ ոչինչ դարձնել։ Որքան մարդ այդպես էլ այդ օրը չհանդիպեց իր զավակների, ամուսինների, կանանց հետ… Ցավակցության խոսքերն այս դեպքերում միշտ այնքան խղճուկ են և անիմաստ, որ անգամ ամաչում ես դրանք արտաբերել։ Խնդրում եմ, մի կորցրեք նրանց, ում սիրում եք, մի օր նրանք կարող են այլևս չլինել… Գնահատեք սիրելի և մոտ մարդու հետ ապրած ամեն րոպեն»,– գրել է նա։