Սիրիահայերը կրկին հանգիստ չեն տալիս Ադրբեջանի արտգործնախարարին

Մամեդյարովը հայտարարել է, որ սիրիահայ փախստականներին անօրինական կերպով բնակեցրել են Արցախում, Ստեփանակերտն այս հայտարարությունը մերկապարանոց է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունն Արցախի տարածքը բնակեցնում է Սիրիայից գաղթած փախստական հայերով։

Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

«Բռնազավթված տարածքներում սիրիահայերին բնակեցնելու քաղաքականությունը և ժողովրդագրությունը նպատակաուղղված փոխելու փորձերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում են», — երկուշաբթի Բաքվում Վատիկանի պետությունների հետ կապերի քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նախարարն իր զրուցակցին պատմել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և պաշտոնական Բաքվի դիրքորոշման մասին։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել ռասիզմի, այլատյացության աճի, էթնիկ և կրոնական հողի վրա ատելության դրսևորումների, հակամարտություններին կրոնական երանգ հաղորդելու ձգտման կապակցությամբ։

Արցախում արձագանքել են Մամեդյարովի հայտարարությանը։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով` Արցախում սիրիահայերի զանգվածային բնակեցման մասին խոսելու կարիք չկա։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակ մարդկանց մասին, որոնք իրենց մաշկի վրա են զգացել Սիրիայում քաղաքացիական պատերազմի սարսափները, և Արցախի իշխանություններն ապաստան են տրամադրել նրանց։

«Բնականաբար, մենք չէինք կարող անտարբեր լինել Սիրիայի մեր հայրենակիցների ճակատագրի հարցում։ Հասկանալի չէ, թե մենք ինչպես պետք է արձագանքեինք։ Ինչ վերաբերում է Բաքվի մեղադրանքներին, ապա մենք զարմացած չենք։ Խաղաղ բնակիչների սպանությունը խրախուսող, այլատյացություն և հայատյացություն սերմանող պետությունն այլ կերպ չէր կարող արձագանքել», — ասաց Բաբայանը։

Նա այդ հայտարարությունները շահարկումներ է համարում` միաժամանակ հիշեցնելով, որ շուրջ 1000 ադրբեջանցիներ պատերազմում են Սիրիայում տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում։

«Հնարավոր է` ահաբեկչական խմբավորումների շարքերում ադրբեջանցիների առկայությունը և Արցախի տարածքները սիրիահայերով բնակեցնելու վերաբերյալ մեղադրանքները մեկ շղթայի օղակ են։ Բարդ է միանշանակ ասել, բայց արդեն կարող ենք ինչ-որ նախնական հետևություններ անել», — ասաց նա։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվելուց ի վեր Բաքվից մեղադրանքներ են հնչում այն մասին, որ հայկական կողմն Արցախի տարածքը զանգվածաբար բնակեցնում է սիրիահայերով։ Ստեփանակերտում տարօրինակ են համարում այն, որ այդ թեման բարձրացվում է կաթոլիկ եկեղեցու բանագնացի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես նկատեց Բաբայանը, Վատիկանը հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության ակտիվ պաշտպան, և Բաքվի բողոքը հազիվ թե արժանանա Վատիկանի ներկայացուցիչների կարեկցությանը։