ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Մերձվոսկովյան տարածքում երեկ կործանված Ան–148 ինքնաթիռի անձնակազմի և ուղևորների մարմինները կբացահայտեն գենետիկ հետազոտության միջոցով։ Այս մասին ասել է ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
«Դատելով վերջին տվյալներից` այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ինքնաթիռի կործանման պատճառով բոլոր 71 անձինք զոհվել են։ Հարկավոր է բիոլոգիական անալիզ իրականացնել` նրանց մարմինները ճանաչելու համար։ Ստիպված ենք նրանց հարազատներից բիո–անալիզներ վերցնել»,–ասել է նա` ավելացնելով, որ փորձաքննությունը կտևի 2–3 ամիս։
Նախարարի խոսքով` մահացածներից ոմանց մարմինները հնարավոր է նաև ճանաչել առանց ԴՆԹ անալիզի։
Իր հերթին ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ևս 7 օր։
Նրա խոսքով` շարունակվում են մահացածների մարմինների մնացորդների որոնողական աշխատանքները, նաև արվում է ամեն բան` քննչական կոմիտեին աջակցելու` կատարվածի մանրամասները բացահայտելու համար։
Նաև հայտնի էր դարձել, որ Սոչի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցևը, որը նույնպես պատրաստվում էր այս ինքնաթիռով Մոսկվայից Օրսկ թռչել, թռիչքից մի քանի օր առաջ փոշմանել է և վերադարձրել տոմսը։ Նա ՌԻԱ Նովոստիին ասել է, որ արդեն 3–րդ անգամ է նա փրկվում մահից` ուշանալով թռիչքից կամ հետ վերադարձնելով տոմսը։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 11–ին, Մոսկվայի ժամանակով 14։21 «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան–148 ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից և կործանվել։
Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Այն Մոսկվայից մեկնում էր Օրսկ։ Բոլոր 71 անձինք մահացել են։ Նրանց թվում 2 հայ կար։