ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Նախորդ շաբաթ ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական այցելությունն են իրականացրել արցախյան հակամարտության հետևանքով Արցախում և Ադրբեջանում գտնվող հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:
«Մանդատի համաձայն` ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է ազատազրկվածներին` ծանոթանալու նրանց պահմանման պայմաններին և վերաբերմունքին»,- ասաց Ամատունին։
Թե ինչ են արձանագրել Արցախի և Ադրբեջանի մայրաքաղաքներում կատարված դիտարկումները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի հրապարակում, չի նշում նաև ազատազրկվածների անունները։
Հայտնի է, սակայն, որ պաշտոնապես Ադրբեջանում ազատազրկման մեջ է ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, ով գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին և դատապարտվել 15 տարվա ազատազրկման և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, որը մտավոր խնդիրներ ունի, մեծացել է մանկատանը և Ադրբեջանում էր հայտնվել 2017թ-ի հունիսի 20-ին՝ հատելով հայ-ադրբեջանական սահմանը:
Արցախում են գտնվում ազատազրկման դատապարտված երեք ադրբեջանցի, որոնց թվում 2014թ-ին ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը, որոնք մեղադրվում են լրտեսության, Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի ռազմամթերք կրելու, մարդուն առևանգելու և սպանելու համար։