Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, բայց անձրև է կանխատեսվում. եղանակի տեսություն

Փետրվարի 12-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ` անձրևի տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում այսօր և առաջիկա մի քանի օրերին անձրևային տեղումներ են կանխատեսվում` օրվա տարբեր ժամերին։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ըստ ծառայության ներկայացրած տեղեկության` փետրվարի 12-ին, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն` անձրևի կամ թաց ձյան տեսքով: 15-16-ը տեղումների հավանականությունը կնվազի:

Այսօր մայրաքաղաքում առանձին հատվածներում թույլ և կարճատև անձրև է կանխատեսվում։ Այնպես որ, օդերևութաբանների` հովանոցը պայուսակում պահելու հորդորն այսօր էլ արդիական է։ Սակայն ուրախալի է, որ եղանակը կջերմանա։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմասիճանը կտատանվի 14-16 աստիճանների միջև, երեկոյան կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ գիշերը ջերմաստիճանը կպահպանի դրական տեղաշարժը` իջնելով մինչև +2-4 աստիճան։