ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը փաստացի ուղղված էր Ալիևին»

Ալիևի հայտարարությանը, թե Երևանը ադրբեջանական քաղաք է, ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները արձագանքել են ոչ հասցեական հորդորով` հրահրիչ հայտարարություններից զերծ մնալու կոչ անելով նաև Հայաստանին: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով համանախագահների ոչ հասցեական հայտարարությունն իրականում դեմարշ է` ուղղված Ալիևի հայտարարություններին։
Sputnik

Երվանդ Բոզոյան
«Վերջերս Ալիևն իր կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանի ռազմավարությունը դառնալու է Հայաստանի գրավումը։ Դա դեստրուկտիվ քայլ է և խոչընդոտում է բանակցային գործընթացին։ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը փաստացի ուղղված էր Ալիևին։ Եթե միջնորդները հրապարակավ նշեն իրենց իրական թիրախը, ապա ավտոմատ կդադարեն միջնորդ լինել։ Եվ հետո, Ադրբեջանցիների կողմից էլ այլ ընկալումներ կլինեն, և նրանք կշահարկեն այդ փաստը, ինչից միջնորդները խուսափում են։ Հաստատապես ներքին խողովակներով բացատրական աշխատանքներ տարվում են ադրբեջանցիների հետ։ Հայաստանը դեստրուկտիվ հայտարարություններ չի արել, ուստի ակնհայտ է, որ միջնորդների կոչը հստակ հասցեատեր ունի»,- ասաց քաղաքագետը

Անդրադառնալով Երևանը ադրբեջանական քաղաք հայտարարելու Ալիևի բարձրագոչ հայտարարություններին` Բոզոյանն ասաց, որ այդ մոտեցումը քաղաքական պատվեր է, և որ այդ պետության իշխանությունները վաղուց են գիտնականներին գումարներ տվել ու պատվիրել փաստեր ու ապացույցներ գտնել Երևանի ադրբեջանական քաղաք լինելու վերաբերյալ։ Իսկ հիմա այդ ակադեմիական պնդումներն Ալիևը փորձում է գործնականում կիրառել։