Մեդվեդևա–Բաբասյանի ու Զագիտովայի փայլուն ելույթները ռուսներին արծաթով ապահովեցին

Գեղասահքի թիմային մրցաշարում այսօր հայտնի դարձան օլիմպիադայի չեմպիոններն ու մրցանակակիրները: Չնայած նրան, որ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) և Ալինա Զագիտովան մի գլուխ բարձր էին մրցակիցներից ու հաղթեցին իրենց ծրագրերում, Ռուսաստանի հավաքականը բավարարվեց միայն արծաթե մեդալով:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Օլիմպիական չեմպիոնի մեդալները նվաճեցին Կանադայի հավաքականի գեղասահորդները: Թիմի կազմում աչքի ընկավ պարային զույգը` Թեսսա Վերտյուն և Սքոթ Մեիրը։ Նրանք հիանալի կատարեցին իրենց երկու ելույթները, և նրանց ազատ ծրագրից հետո Կանադայի թիմը դարձավ անհասանելի մրցակիցների համար:

Իհարկե, յուրաքանչյուր մրցաշարին մասնակցող մարզիկ ձգտում է հասնել հաղթանակի, իսկ օլիմպիական խաղերում` բաղձալի նպատակին՝ չեմպիոնի կոչմանը: Բայց այն, ինչ արեցին Ռուսաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները տպավորեց շատերին:

Սառույց և կրակ. տպավորիչ նկարներ օլիմպիական Փհենչհանից

Նման վստահություն, նման վարպետություն, ցատկերի նման հաջորդականություն և կատարողական արտիստիզմ դժվար է տեսնել շատերի մոտ: Մեդվեդևան նոր ռեկորդ սահմանեց կարճ ծրագրում իր հավաքած միավորներով, իսկ Զագիտովան էլ իր հերթին անձնական ռեկորդ սահմանեց ազատ ծրագրում: Երկուսն էլ մի գլուխ բարձր էին իրենց մրցակիցներից, երկուսն էլ բացահայտ հաղթեցին, բայց դա միայն հնարավորություն տվեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին հայտնվել:

Այսօր ելույթից հետո առիթ ունեցանք հարցեր տալու Ալինա Զագիտովային, ով շատ ուրախ էր, որ կատարել է իր առաջադրանքը` օգնել թիմին և օլիմպիական մեդալ վաստակել. «Ճիշտ է` մեզ թույլ չտվեցին ներկայացնել մեր երկիրը, բայց ուրախ եմ, որ տրիբունաներում տեսա մեր դրոշը և զգացի մեծ աջակցություն երկրպագուներից»:

Մեդվեդևա–Բաբասյանն ու Զագիտովան ոչ թե սահում էին սառույցի վրա, այլ սավառնում: Տեխնիկայի և մարմնի պլաստիկ շարժումների, արտիստիզմի ու բարդ ցատկերի ամենաբարձր մակարդակն է, որ այս գեղասահորդուհիներին, անկախ նրանց ծագումից ու երկրից, դարձնում են երկրպագուների ֆավորիտ:

1 / 2
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը Փհենչհանում
2 / 2
Գեղասահքի Ռուսաստանի հավաքականը Փհենչհանում

Իսկ ամենահետաքրքիրն այս երկու մարզուհիների համար, կարծում եմ, առջևում է: Թիմային մրցումներում նրանք ներկայացնում էին նույն թիմը՝ Ռուսաստանը, իսկ կանանց մենասահքում Մեդվեդևան և Զագիտովան, նույնպես ներկայացնելով Ռուսաստանը, պայքարելու են  իրար դեմ օլիմպիական մեդալների համար: Մինչև օլիմպիական խաղերը Մոսկվայում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Ալինա Զագիտովան հաղթեց Եվգենիա Մեդվեդևային: Ո՞վ կհաղթի Փհենչհանում` ցույց կտա ժամանակը: