ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաշտարարությամբ են հանդես եկել` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների հիման վրա։
Այս մասին գրում է osce.org կայքը։
Հայտարարությունում համանախագահներն ընդգծում են 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդների, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։
Համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են անում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար:
Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից:
Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 7-ին Բաքվում հանդիպում են անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են վարել նաև ԱԳ նախարարների հետ: Փետրվարի 9-11-ը նրանք այցելել են Արցախ և հանդիպել տեղի իշխանությունների հետ։