ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կարող է ամերիկացիներին C-400 «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգ վաճառել, եթե նրանք ցանկանան: Այդ մասին Washington Post-ին տված հարցազրույցում ասել է «Ռոստեխ» ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
Թուրքիային ռուսական ՀՕՊ համակարգեր մատակարարելու վերաբերյալ հարցին պատասխանելով` Չեմեզովը նշել է, որ C-400 «Տրիումֆ» տեսակի համակարգը պաշտպանական զենք է:
«Մենք կարող ենք այն վաճառել նաև ամերիկացիներին, եթե նրանք ցանկանան: Իրականում այստեղ ռազմավարական խնդիրներ չկան: Անվտանգության տեսանկյունից Ռուսաստանի համար ևս խնդիրներ չեմ տեսնում», — ասել է նա:
Մյուս կողմից «Ռոստեխ»-ի ղեկավարը նշել է` եթե երկիրն ի վիճակի է ապահովել իր օդային տարածքի անվտանգությունը, ապա ավելի ապահով կզգա իրեն: Դա, ըստ զրուցակցի, նաև հակառակորդին կստիպի երկու անգամ մտածել` նախքան հարձակվելը:
Չեմեզովը նաև հաստատեց Թուրքիայի հետ C-400-ի վաճառքի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին հայտնի տեղեկությունը: Նրա խոսքով` առաջին մատակարարումը կլինի 2019 թվականին:
Բացի այդ, «Ռոստեխ»-ը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ, սակայն Էր Ռիյադի հետ դեռ վերջնական պայմանավորվածություն չկա:
Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին էր խոսում այն մասին, որ Անկարան Մոսկվայի հետ արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրել և կանխավճար տվել: Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության պետի տեղակալ Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ C-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային կսկսվի երկու տարվա ընթացքում:
Ռուս-թուրքական պայմանագրի արժեքը 2,5 մլն դոլար է գնահատվում: