Օլիմպիական չեմպիոնների հաղթական մեկնարկը Փհենչհանում

Ռուսների կանանց հավաքականի 14 հոկեյիստուհիները Փհենչհանում մարզման ժամանակ կրկին կանչվեցին դոպինգ ստուգման:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

2002 թվականից օլիմպիական խաղերի հոկեյի կանանց մրցաշարում առանց ընդմիջման հաղթանակ է տարել Կանադայի հավաքականը: Փհենչհանի օլիմպիական խաղերում էլ քչերն են կասկածում, որ Կանադայի թիմը հերթական անգամ կնվաճի ոսկե մեդալները: Այս խաղերում տիտղոսի պաշտպանությունը կանադուհիները սկսեցին Ռուսաստանի հավաքականի հետ խաղով:

Իհարկե, Ռուսաստանի կանանց հավաքականը ներկայումս շատ լուրջ առաջընթաց է ապրել, բայց Կանադայի թիմի հետ խաղը ցույց տվեց, որ ռուսների կանանց հավաքականը, ի տարբերություն տղամարդկանց թիմի, չի կարող հավասար պայքար մղել հոկեյի հայրենիքի ներկայացուցիչների դեմ:

Գեղասահորդուհի Մեդվեդևա-Բաբասյանը Փհենչհանում համաշխարհային ռեկորդ սահմանեց

Անկասկած, Ռուսաստանի բոլոր մարզիկների վրա որոշակի ճնշում կա ՄՕԿ կայացրած արդեն հայտնի որոշումներից հետո: Օլիմպիադայի մայրաքաղաք ժամանելուց հետո էլ ռուսների կանանց հավաքականի 14 հոկեյիստուհիները մարզման ժամանակ կանչվեցին դոպինգ ստուգման. կարծես, ևս մեկ անգամ փորձում էին ռուսների նյարդերի ամրությունը: Բայց, այնուամենայնիվ, Կանադայի թիմը խաղով գերազանցում էր մրցակցին:

Կանադուհիներն անհամեմատ ավելի արագ էին, տեխնիկապես ավելի լավ էին սահում, ու առանձին խաղացողներ էլ շատ բարձր մակարդակի խաղ ցուցադրեցին: Ինչ որ տեղ մի փոքր անսպասելի էր, որ ստադիոնում կային ազատ տեղեր:

Հանդիպումն ավարտվեց Կանադայի հավաքականի հաղթանակով: Առաջին խաղափուլում 0:0 հաշվից հետ մյուս երկու խաղափուլերի ընթացքում հյուսիս ամերիկացիները հինգ անպատասխան տափօղակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ միաժամանակ սեփականը պահելով անառիկ: Օլիմպիական խաղերն արդեն ընթացք են վերցրել: Արդեն կան երջանիկ չեմպիոններ ու մեդալակիրներ, անակնկալներ, հաղթանակներ և պարտություններ: Բայց կարևորն այն է, որ Փհենչհանում մարդիկ իրար միայն ժպտում են: Սա է համաշխարհային մարզական փառատոնի հիմնական նշանակությունը: Հուսով ենք, մենք էլ կժպտանք՝ արդեն արձանագրելով մեր մարզիկների հաջող ելույթները: