Օտարերկրացու աչքերով. Մոսկվա վերադառնալով` ճանապարհորդուհին Հայաստանի լեռներն էր փնտրում

Հայաստանի գեղատեսիլ վայրերի մասին Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ Ելիզավետա Բոնդարենկոն վաղուց գիտեր: Անցյալ տարի Վրաստան այցելելուց հետո նա որոշեց անպայման լինել նաև հարևան Հայաստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում շրջագայելուց հետո մոսկվաբնակ Ելիզավետա Բոնդարենկոն մեկնելով անպայման նորից վերադառնալու ցանկություն հայտնեց։ Իսկ երբ ժամանեց Մոսկվա, ողջ օրը սարեր էր փնտրում, քանի որ արդեն սովորել էր Հայաստանի բնապատկերներին:

«Երկրի գեղեցիկ բնության մասին վաղուց գիտեինք: Ուզում էինք նաև ճանապարհորդել (մատչելի): Ինձ գրավեց լեռնադահուկային առողջարանը, այդ պատճառով ընտրեցինք Ծաղկաձորը: Պարզվեց, որ սխալ ընտրություն չէինք կատարել», — նշեց Ելիզավետան:

Ելիզավետան ընկերոջ հետ որոշեցին նաև այցելել Հայաստանի տարբեր քաղաքներ: Նախ մեկնեցին Գյումրի: Այնտեղ ռուս զբոսաշրջիկներին զարմացրեց այն, որ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը հնամաշ է և վատ զարգացած:

«Երթուղու հաջորդ հանգրվանը` Երևանն էր: Մայրաքաղաքով երկար զբոսնել չհաջողվեց, սակայն մենք անմիջապես նկատեցին կտրուկ տարբերությունը: Ճարտարապետությունը, մարդիկ, սրճարանները. ամեն ինչ աչք էր շոյում: Անմիջապես զգացվում էր, որ մայրաքաղաքն է», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Российская туристка Елизавета Бондаренко на фоне ущелья Гарни
Հյուրերին հատկապես դուր եկավ Գեղարդի վանքը և հեթանոսական Գառնու տաճարը, դրանց կողքին երիտասարդները կարողացան զգալ պատմության ուժն ու ոգին:

Ռուս զբոսաշրջիկը պատմում է, որ այնուհետև նրանք որոշեցին մոտից տեսնել բիբլիական Արարատ լեռը:

«Զորեղ լեռ է: Ափսոս, որ այն այժմ Թուրքիայի տարածքում է, հայերը շատ են սիրում Արարատն ու սահմանամերձ պատմական Խոր Վիրապ վանքը: Մենք հենց այնտեղից էլ հմայվեցինք այդ լեռով», — պատմեց Ելիզավետան:

Ճանապարհորդության վերջին երկու օրը Մոսկվայից ժամանած հյուրերը անցկացրեցին Ծաղկաձորում: Սակայն, ինչպես նշեց Ելիզավետան, նա ակնկալում էր այդ քաղաքում ավելի բարեկարգ ենթակառուցվածքներ և զբոսաշրջիկների համար ավելի շատ ժամանցային վայրեր տեսնել:

Թռիչքի օրը զբոսաշրջիկները որոշեցին այցելել Սևանա լիճ, և հասկացան` հայերն իզուր չէ, որ այն «ծով» են անվանում:

Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել

Մեր երկրի բնակիչները ռուսաստանցիներին դուր եկան իրենց բնավորությամբ:

«Հայերը հիանալի, մշակութային մարդիկ են, քաղաքակիրթ, միշտ պատրաստակամ օգնության հասնելու: Նրանք խիստ տարբերվում են Ռուսաստանում ապրող հայերից, որոնց հետ շփվելուց հետո կարծրատիպեր են առաջանում: Տաքսիստները, մատուցողուհիները, անցորդները, հյուրանոցի ադմինիստրատորները, բոլորը շատ լավն են: Նրանք մեզ շատ էին օգնում», — պատմեց Ելիզավետան:

Ելիզավետան շատ հավանեց և սիրեց Հայաստանը, նրա գույները և բնությունը և անկեղծ ցանկանում է, որպեսզի մեր երկրում զարգանա զբոսաշրջությունը, գովազդը, ենթակառուցվածքները, իսկ այն ամենն, ինչ պետքական չէ, վերանա: