ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ. սրանք այն մարզաձևերն են, որոնք հայ ծնողներն ընտրում են իրենց որդիների համար, իսկ գեղասահքը, ցավոք, պահանջված չէ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման մտայնությունից դժգոհեց հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը:
Սլավիկ Հայրապետյանն ասում է, որ մարզվելով Հայաստանում՝ կարելի է լավ արդյունքների հասնել, սակայն միջազգային ասպարեզ դուրս գալու համար պետության աջակցությունն է հարկավոր:
«Այսօր այդ մարզաձևը զարգանում է նաև Հայաստանում, շատ երեխաներ մարզվում են Իրինա Ռոդնինայի դպրոցում: Ես ամեն տարի գալիս եմ Հայաստան հավաքներին մասնակցելու համար և տեսնում եմ, որ փոքր մարզիկները ձգտում ունեն: Նրանք ուզում են ինչ-որ բանի հասնել, և տեղի մարզիչներն իրենց գիտելիքներն են փոխանցում նրանց», — նշեց Սլավիկը:
Մարզիկի կարծիքով՝ թեև Հայաստանում ծնողները հազվադեպ են իրենց տղաներին խրախուսում գեղասահքով զբաղվել, բայց գոնե այստեղ սկսել են զարգացնել հոկեյը, ինչը շատ ուրախալի է:
Մոսկվայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությանը հաջողված ելույթ ունենալուց հետո, այնուամենայնիվ, Սլավիկ Հայրապետյանի միավորները չբավարարեցին Օլիմպիադայում հայտնվելու համար: Սակայն Սլավիկը չի հուսահատվում, համոզված է` պետք է առաջ շարժվել:
«Օլիմպիադան, կարելի է ասել, անցյալում է: Ես արեցի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինձ ընտրեն: Սակայն հանձնաժողովի անդամները չգնահատեցին իմ ելույթը: Կարելի է ասել, որ իմ մարզաձևում ես պակաս հաջողությունների չեմ հասել: Սակայն կանգ չեմ առնում և առաջ եմ շարժվում», — ասաց Սլավիկը՝ պատմելով մոտ ապագայի ծրագրերի մասին:
Մարզիկը նախապատրաստվում է գեղասահքի աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է Իտալիայում մարտի 19-25-ը:
«Հարկավոր է լավ ելույթ ունենալ՝ ավելի լավ, քան Եվրոպայի առաջնությանը: Այժմ մենք տեխնիկապես բարդացնում ենք իմ ծրագիրը: Քառակի ցատկերն եմ հղկում: Բացի այդ, աշխարհի առաջնությունից առաջ կարճ ծրագրով ելույթ կունենամ Լյուքսեմբուրգում», — նշեց Սլավիկը:
Հայ գեղասահորդը համոզված է, որ գաղասահքն առանձնանում է մյուս բոլոր տարածված մարզաձևերից, այն ավելի բարդ է:
«Օրինակ՝ արագ վազեցիր` կհաղթես, ճիշտ կրակեցիր` նորից հաղթանակը քոնը կլինի: Գեղասահքը դժվար մարզաձև է, որը մեծ ֆիզիկական ջանքեր է պահանջում: Կարող ես կատարյալ սահել, այնուհետև նստել և անհանգստանալ, մտածել, թե ինչպես քեզ կգնահատեն հանձնաժողովի անդամները», — ասաց Հայրապետյանը:
Նրա կարծիքով` այդ գեղեցիկ, աչք շոյող մարզաձևը բացառիկ է նրանով, որ գեղասահորդը գրեթե պատասխանատու չե իր արդյունքի համար: Այնուամենայնիվ, նա մազրվում է օրական 6 ժամ և կարծում է, որ պատահաբար չի հայտնվել այս մարզաձևում:
«Ես ծնվել եմ գեղասահորդների ընտանիքում, 3,5 տարեկանից չմուշկների վրա եմ, 10 տարեկանում արդեն մարզվում էի պրոֆեսիոնալ ձևով: Գեղասահքում այն ժամանակ տղա չկար», — նշեց Սլավիկը:
Իր զգացմունքային, հուզիչ համարները գեղասահորդը մշակում է պրոֆեսիոնալների մեծ թիմի հետ: Նրա խոսքով` բոլոր ելույթները ոչ միայն նրա անձնական աշխատանքի արդյունքն են, այլև բոլոր այն մարդկանց, որոնք իր կողքին են եղել և օգնել են նման արդյունքների հասնել:
Կերպարները նույնպես ընտրում են թիմով. պարուսույցը մի խորհուրդ է տալիս, մարզիչն` այլ:
Սլավիկ Հայրապետյանը քիչ ազատ ժամանակ ունի, սակայն հստակ գիտի ինչպես բաշխել այդ ժամանակը:
«Երազում եմ այն մասին, թե երբ եմ հասնելու մահճակալիս ու քնեմ: Ազատ ժամանակս տրամադրում եմ քնելուն, դա ուժերը վերականգնելու լավագույն միջոցն է», — ասաց մարզիկը:
Փորձն ու ելույթները թույլ են տալիս Սլավիկին խորհուրդներ տալ սկսնակ գեղասահորդներին: Նա կարծում է, որ երբեք պետք չէ թևաթափ լինել, պետք է միշտ առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից:
«Ցանկացած մարզաձևում մարզիկը կարող է ոչ միայն ֆիզիկապես ըընկնել, այլև բարոյապես, հուսալքվել: Չնայած դրան, պետք է առաջ շարժվել, այլապես ոչ մի բանի չես հասնի», — ավելացրեց գեղասահորդը:
Հարցին, թե ում է երկրպագում գեղասահքի ասպարեզում, մարզիկը պատասխանեց, որ նրանք ավելի շուտ մրցակիցներ են, այլ ոչ թե կուռքեր կամ օրինակելի մարզիկներ: Sputnik-ի զրուցակիցը նշեց, որ աշխարհի հայտնի գեղասահորդներից մեկի հետ ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունի: Նա իսպանացի գեղասահորդ Խավիեր Ֆերնանդեսն է:
Նշենք, որ այսօր միջազգային ասպարեզում հայկական գեղասահքը գոյություն ունի եղբայրներ Սարգսի և Սլավիկի հիանալի ելույթների և նրանց արդյունքների շնորհիվ: Տղաներին մարզում են ծնողները` խորհրդային տարիների հայտնի գեղասահորդներ Սամվել և Արմինե Հայրապետյանները: