Մարտիրոսյանի «Փախուստի ծրագիրը» ձախողվեց. հոլիվուդյան պրոդյուսերը մեկուսարանում է

Հայտնի պրոդյուսերը վստահ է, որ խնդիրը «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը պնդում է, որ իր վրա քրեական գործ է բարդել գործընկերը` հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողումից հետո։ Մարտիրոսյանին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս։ Ինչպես պատմել է պրոդյուսերը «Մոսկովսկի կոմսոմոլեցին», նրան ձերբակալել են Հայաստանի հարցումով։

Պրոդյուսերը գտնվում է Մոսկվայի №4 քննչական մեկուսարանում 2017թ-ի հոկտեմբերի 27-ից։ Մարտիրոսյանի խոսքով՝ պատմական հայրենիքում քրեական գործ են հարուցել իր դեմ։

««Փախուստի ծրագիր» ֆիլմը լավն է, բայց տնտեսական տեսանկյունից այդքան հաջողակ չէ, տապալվել է վարձույթում։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում այդ մարդը չէր կարող գործ հարուցել իմ դեմ, որովհետև հիմքեր չուներ», — բացատրել է պրոդյուսերը։

Մարտիրոսյանի գործընկերը դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ինչպես գրում է պարբերականը, Մարտիրոսյանին պետք է արտահանձնեն, թեև նա դեռ չգիտի այդ մասին։ Պրոդյուսերը նշել է, որ բանտում նրան նույնիսկ «ողջույն» են փոխանցել գործընկերոջ կողմից, և նա զարմացած է, թե ինչպես է ողջ մնացել նման «ողջույնից» հետո։ Նա Մոսկվա էր ժամանել ֆիլմի նկարահանումները կազմակերպելու նպատակով։

Մոսկվայում ձերբակալվել է Հենրիխ Մխիթարյանի կարիերայի հետ կապ ունեցող հայ գործարարը

«Ես սիրում եմ Ռուսաստանը և կցանկանայի ցույց տալ ճշմարտությունը, պատմել նախագահի մասին։ Գլխավոր դերը, այսինքն Վլադիմիր Վլադիմիրովիչի դերում սկզբում համաձայնել է խաղալ Լեոնարդո Դի Կապրիոն, բայց հետո հրաժարվել է։ Մեր մեջ ասած ՝ նրան ուղղակի համոզել են։ Փոխարենը համաձայնել է նկարվել Շոն Փենը», — նշել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի փաստաբանները հիմա զբաղվում են իրենց պաշտպանյալին Երևան արտահանձնելու որոշումը բողոքարկելով։ Առայժմ ոչինչ չի ստացվում, արդեն հասել են Գերագույն դատարան։

20 տարի առաջ Մարտիրոսյանը տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ պրոդյուսերի կարիերա է սկսել։ Նա աշխատել է «Նոյեմբերի մարդը», «Փրկվածը», «Ֆրիլանսերներ», «Փախուստի ծրագիր» և այլ ֆիլմերի վրա։ Համենայն դեպս, այդպես է պնդում Մարտիրոսյանը։