Երիտասարդները սպառնացել են կնոջը` կամ սեռական հարաբերություն, կամ մերկ նկարներով պաստառներ

Վայքում երեք երիտասարդներ քաղաքի բնակչուհուց պահանջել են սեռական հարաբերություն ունենալ իրենց հետ, հակառակ դեպքում սպառնացել են հանրայնացնել նրա անբարո և մերկ նկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի, Sputnik. Ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ այս տարվա փետրվարի 3-ին Վայքի բնակիչներ` 18-ամյա Հովիկ Կ.-ն, 18-ամյա Ռազմիկ Խ.-ն և 19-ամյա Հարութ Ս.-ն նախնական համաձայնության գալով՝ հետապնդել են Վայոց Ձորի մարզի բնակչուհի, 47-ամյա Սեդային` նրա հետ սեռական հարաբերություն ունենալու ակնկալիքով։ Այս մասին տեղեկացնում shamshyan.com-ը։

Ըստ կայքի տրամադրած տեղեկության` երիտասարդները հետապնդել են կնոջը մինչև իր շենքի մուտքի մոտ, այնուհետև նրանցից մեկը սպասել է ներքևում, իսկ մյուսները` Ռազմիկը և Հարութը, մտել են Սեդայի բնակարան ու նրանից պահանջել իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ:

Անչափահաս աղջկան առևանգել են ու փորձել են բռնաբարել. նա դիմադրել է

Կնոջ մերժումից հետո երիտասարդները սպառնացել են, թե ամբողջ քաղաքով կհայտնեն նրա անբարոյական լինելու և այլ տղամարդկանց հետ սեռական կապեր ունենալու մասին։ Սակայն Սեդան տուրք չի տվել նրանց սպառնալիքներին, և երիտասարդները հեռացել են` վերադառնալու մտադրությամբ:

«Կեսգիշերին Հարութն ու Հովիկը վերադարձել են կնոջ տուն և այս անգամ նրանից 30 հազար դրամ պահանջել` նորից սպառնալով, որ հակառակ դեպքում նրա մերկ նկարներով պաստառները կհանրայնացնեն շենքի պատերին: Երբ կինը սկսել է աղմկել, նրանք դիմել են փախուստի»,- գրում է կայքը:

Երիտասարդները ներկայացել են ոստիկանության Վայքի բաժին, հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություներ տվել և հեռացել: Նախաքննությունը շարունակվում է: