ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ կառավարության նիստի օրակարգում վերջին պահին որոշման մի նախագիծ հայտնվեց, որը դասակարգված էր չզեկուցվող հարցերի շարքում և աննկատ ընդունվեց:
Որոշումը վերաբերում էր Ֆիրդուսի թաղամասի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին համարժեք փոխհատուցում տալու գործընթացն արագացնելուն:
Ամեն բան գեղեցիկ շարադրված է կառավարության որոշման մեջ մինչև այն պահը, երբ ծանոթանում են այն ընկերություններին, որոնք հանդիսանալու են հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերը:
Երևանում նախկինում իրականացված կառուցապատումները, որոնք կապված են եղել բնակիչներին պատկանող տարածքները գերակա շահ ճանաչելու հետ, չափազանց հաճախ պարուրված են եղել մութ ու կասկածելի գործարքներով: Ֆիրդուսի դեպքում ևս, փաստորեն, բացառություն չի լինի»: