Վաշինգտոնը շարժվում է դեպի միգրացիայի սահմանափակում, նախ և առաջ` որակական առումով։ Կարճ ասած` շեշտը դրվում է երկրում պետքական մարդկանց ընդունելու վրա։ Սպիտակ տունը նախատեսում է նաև դադարեցնել «շղթայական միգրացիան» (երբ ընտանիքի անդամները տեղափոխվում են արտերկրում աշխատող բարեկամի մոտ), իսկ դա արդեն հավանական հայ միգրանտների շահերին դեմ է։
Գաղտնիք չէ, որ այսպես կոչված «շղթայական միգրացիան» հայկական ընտանիքների ու նրանց բարեկամների գաղթելու տարածված տարբերակ է։ Այդ սխեմաները շատ պարզ են, ամեն ինչ տրամաբանական է, յուրահատուկ «սողացող ագրեսիա»։
Բավական է մեկ միգրանտը հիմնվի ու հաջողակություն ունենա հենց նույն ԱՄՆ–ում, նա սկսում է հրավիրել բոլոր բարեկամներին` երեխաներին, զարմիկներին, եղբայրներին ու քույրերին։ Այդ նոր եկածները հների միջոցով հարմարվում են ու հրավիրում են իրենց ընտանիքներին ու նոր բարեկամներին։
Այդպիսի ձնակույտն, իհարկե, չի կարող անվերջ մեծանալ. ընդունող երկրի միգրացիոն ծառայությունները հենց դրա համար են, դե, բարեկամներն էլ մի օր կվերջանան։ Դա նույնիսկ այն պայմանում, երբ բոլորը բացառապես օրինապահ են, ոչ մի վարկաբեկող բանում խառված չեն, ու ընտրված երկիրը չի կարող մերժել նրանց։
Իսկ եթե մերժելու համար հիմք կա (իրական կամ ենթադրյալ), օգնության են գալիս տարատեսակ «լևի» ձևերը` միջնորդները, որոնք օգնում են գաղթել ոչ թե մարդասիրությունից ելնելով, այլ գումարի դիմաց։ Ընդ որում` բոլոր ուղեկցող ռիսկերի համար պատասխանատվությունն ամբողջովին պատվիրատուի վրա է։
Այդպիսի «բարեգործերին» իհարկե հաճախ են բռնում։ Հենց նոր ԱՄՆ Արդարադատության նախարարությունից հաղորդագրություն է եկել հայ հաղորդավար Դիանա Գրիգորյանի մասին, որն ավելի հայտնի է որպես «Դինա Ակոպովնա»։ Նա և երկու այլ հայերը մեղադրվում են խարդախ սխեմաներով ՀՀ քաղաքացիների վիզա ստանալուն աջակցելու համար։
Այնտեղ այլ մեղադրանքներ էլ կան. մասնավորապես, անձնական տվյալների գողություն, գումարների լվացում և այլ բաներ։ Դա կպարզեն Ամերիկայի պատասխանատու մարմինները, իսկ մենք փաստում ենք, որ մեր հայրենակիցներին արտասահման տեղափոխող ևս մեկ «տաղավար» փակվեց։ Ջոկատը կարող է չնկատել, որ մարտիկի է կորցրել, քանի որ այլ նման «բարեգործներ» էլ կան, ու որ սկեսուրը մեռնում է` տեղն ազատ չի մնում, քանի կան այդ ծառայությունների համար վճարող մարդիկ։
Արդեն երկիր մտնելուց հետո նրանք ստիպված են լինելու ամեն աստծո առավոտ արթնանալ հույսով, որ այսօր նրանց հետևից չեն գա ու հետ չեն ուղարկի, բայց դա արդեն նրանց խնդիրն է։ Վերջիվերջո իրենց կյանքն է, թող իրենք էլ սխալվեն։
Հիմա, որոշ սահմանափակումներ մտցնելուց հետո, Ամերիկա գնալն ավելի բարդ կդառնա, սակայն ոչ բոլորի համար։ Գիտնականի կամ եզակի մասնագետի, բարձ որակավորում ունեցող բժշկի կամ նորարարություններին միտված ոսկյա ձեռքերով բանվորին, երևի, նույնիսկ ավելի հեշտ կլինի։
Գործը բարդանում է այն մարդկանց համար, որոնք ոչ մի բան չիմանալով ու չկարողանալով պատրաստվում են պետական նպաստներով ապրել կամ, լավագույն դեպքում, ավտոլցակայանում մեքենաներ լիցքավորել։ Լիցքավորողների դեմ ոչ մի բան չունեմ, պարզապես Ամերիկայում նույնիսկ առանց մեր «անգին» կադրերի էլ նրանք շատ են, ու եթե ԱՄՆ–ն սկսի մերժել, դա կլինի տխրեցնող, բայց տրամաբանական։
Գիտնականը, բժիշկն ու պահանջարկ ունեցող բանվորը գնում են աշխատելու, որպեսզի իրենց աշխատանքի դիմաց արժանի վարձատրություն ստանան ու կարիերային և ստեղծագործական աճի հնարավորություն ունենան։ Ինչից նրանք, որպես կանոն, զրկված են հայրենիքում։ Ցավոք, պետք է չմոռանալ ու այդ բանն ասել։
Իսկ եթե դու կիսաօրինական կերպով Գլենդել ես տեղափոխվել ու ամեն օր ապրում ես` վախենալով բռնվելուց, կամ եթե օրինական կերպով ես գնացել ու որևէ պատճառով չես ցանկանում աշխատել, ամբողջ օրը նարդի խաղալուց բացի անելու բան չունես։ Դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում քեզ մնում է տեղավորվել բազմոցին, մտնել սոցիալական կայքեր ու սովորեցնել մեզ` Հայաստանում մնացածներիս` ինչպես է պետք ապրել։
Շատերը կարծում են` գլենդելներից ավելի լավ է երևում։