Անիի եկեղեցու որմնանկարների յուրահատկությունը․ ինչո՞ւ են վրացիները հավակնում դրանց

XIII դարի Տիգրան Հոնենց եկեղեցին պատկանել է հայ քաղկեդոնացիներին կամ ուղղափառ հայերին։ Հենց այդ ժամանակ եկեղեցում հայտնվել են որմնանկարներ, որոնք մինչ օրս բացառիկ են համարվում։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Տիգրան Հոնենց եկեղեցին, որը գտնվում է հայկական հնագույն մայրաքաղաք Անիում, իրականում կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին։

Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Զարուհի Հակոբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու պատերից մեկի վրա պահպանվել է Տիգրան Հոնենցի՝ եկեղեցու պատվիրատուի անունով գրությունը։ Այդ պատճառով էլ եկեղեցին կոչում են նրա անունով։

1215թ-ին կառուցված եկեղեցին առանձնանում է իր որմնանկարներով, որոնք պահպանվել են մինչ օրս։ Եկեղեցու պատերին պատկերված է ոչ միայն Գրիգոր Լուսավորիչը, այլ նաև նրա երկու որդիները՝ Արիստակեսը և Վրթանեսը, ինչպես նաև եպիսկոպոս Ղևոնդիոս Կեսարիացին, որից էլ Գրիգոր Լուսավորիչն ընդունել է եպիսկոպոսի աստիճանը։ Սուրբ Գրիգորի որդիների և Ղևոնդիոս Կեսարիացու պատկերները չկան հայկական կամ վրացական եկեղեցիներից որևէ մեկում։

1 / 4
Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները
2 / 4
Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները
3 / 4
Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները
4 / 4
Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարները

«Հայ հետազոտողները երկար ժամանակ չեն կարողացել ուսումնասիրել այդ եկեղեցին ու որմնանկարները, քանի որ խորհրդային տարիներին անհասանելի է եղել նրանց համար։ Իսկ հիմա շատ են ակտիվացել մեր հարևանները՝ վրացիները, և փորձում են իրենց վերագրել որմնանկարների պատկանելությունը։ Դրա համար առիթ է հանդիսացել այն, որ որմնանկարների վրա վրացերեն և հունարեն գրություններ կան», — պատմում է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե որպես հայ առաքելական եկեղեցի կառուցված Տիգրան Հոնենց եկեղեցին որոշ ժամանակ անց անցել է ուղղափառ հայերի համայնքին։

«13-րդ դարում Զաքարյան իշխանական տոհմի կառավարման ժամանակ հայ քաղկեդոնացիների համայնքը բուռն զարգացում է ապրում և մեծ ազդեցություն ունենում։ Եկեղեցու որմնանկարները հայտնվում են այն բանից հետո, երբ այն անցնում է ուղղափառ հայերին, որոնք իրենց հերթին ենթարկվում են պատրիարքին, թեև ինքնավարություն ունեն։ Հետևաբար նրանց պաշտոնական լեզուն վրացերենն է։ Հենց այդ պատճառով գրությունները վրացերեն են», — ասաց արվեստաբանական գիտությունների թեկնածուն։

Նա հավելեց, որ որմնանկարների հեղինակների մասին ոչինչ հայտնի չէ, ինչը շատ բնորոշ է միջնադարին, բայց այդ հանգամանքն առիթ չի տալիս մտածելու, որ աշխատանքների հեղինակներ վրացի վարպետներն են։

«Որմնանկարների կերպարներն այս հարցում սկզբունքային նշանակություն ունեն։ Օրինակ` Գրիգոր Լուսավորչի որդիները՝ Արիստակեսը և Վրթանեսը, չեն պատկանել վրացական եկեղեցու սրբերի դասին։ Դա բացառում է այն հնարավորությունը, որ վրացական սրբանկարիչները կարող էին պատկերել նրանց եկեղեցու պատերին։ Եվ նման դետալները բազմաթիվ են», — ասաց Հակոբյանը։

Ավելի վաղ թուրքական Hurriyet Daily News պարբերականը գրել է, որ վերջերս ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հին հայկական Անի քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է։ Հեղինակները հիշեցրել են, որ ժամանակին Անին հայ թագավորների նստավայրն է եղել, իսկ հիմա քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Նշենք, որ «Հազար ու մի եկեղեցիների» քաղաքի մասին առաջին հիշատակումները վերաբերում են հինգերորդ դարին։ 961-1045 թվականները Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն է եղել, սակայն 1064 թվականին թուրք ասպատակները թալանել են այն։ Երբ քաղաքն իր հզորության և ծաղկունքի գագաթնակետին էր, այն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ուներ։