ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. «Տրոյկա դիալոգ» ներդրումային հոլդինգի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group ներդրումային հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը կիսում են բիզնեսը։ Այդ մասին հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով անանուն աղբյուրներին։
Նրանք կիսում են Avica Management Company-ն, որն ավելի քան մեկ միլիարդ դոլար ակտիվներ ունի։ Այդ ակտիվները ներառում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» գործարար թաղամասը, «Վրեմենա գոդա», Dream House առևտրի կենտրոնները, «Օբի Բորովսկոե» և «Օբի Պուլկովսկոե» հիպերմարկետները, «Վոզդվիժենկա» բիզնես-կենտրոնում մասնաբաժինները և այլն։
Աղբյուրների տվյալներով` հայ գործարարները պայմանավորվել են, որ բոլոր առևտրային օբյեկտները կանցնեն Ադիբեկյանին, իսկ գրասենյակային ակտիվները` Ռուբեն Վարդանյանին։
«Վեդոմոստիի» զրուցակիցների խոսքով` որոշումն ընդունվել է մի քանի ամիս առաջ։ Գործընկերների միջև տարաձայնություններ են եղել բիզնեսի հետագա զարգացման և կառավարման հարցում։ Ուստի երկուսն էլ որոշել են զբաղվել իրենց նախագծերով, ասել են «Վեդոմոստիի» զրուցակիցները։
Պարբերականը նշում է, որ բաժանման գործընթացը դեռ հեռու է ավարտից։ Աղբյուրները բիզնեսը կիսելու պատճառն անվանում են բիզնեսի ապագայի վերաբերյալ տարբեր տեսակետները։
Ռուբեն Վարդանյանը Forbes-ի «2017թ-ի Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում զբաղեցնում է 99-րդ տեղը, նրա կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար։