ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայ հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը (հայտնի է որպես «Դիանա Ակոպովնա») երկու այլ հայերի հետ մեղադրվում է ՀՀ քաղաքացիների համար խարդախության միջոցով վիզաներ ստանալու մեջ, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի, 47-ամյա Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ, 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին:
Նրանք վիզաների հետ կապված խարդախություններ են արել և կարողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Միացյալ Նահանգներ:
Բոյաջյանին ու Գրիգորյանին նաև փողերի լվացման մեղադրանք է ներկայացվել, իսկ Ստելլա Բոյաջյանը մեղադրվում է նաև անձնական տվյալները կեղծելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` նրանք կազմակերպել են ՀՀ քաղաքացինների անօրինական մուտքը Միացյալ Նահանգներ՝ մշակութային միջոցառումների մասնակցելու պատրվակով: Կեղծ խմբեր են ձևավորել, մարդկանց տվել ազգային հագուստ, լուսանկարել են նրանց ու ներկայացրել որպես մշակութային խմբի անդամներ: Հետո դիմել են ԱՄՆ-ի հյուպատոսական բաժիններ՝ խնդրելով այդ անձանց տրամադրել P-3 տեսակի ոչ ներգաղթային վիզա, որը նախատեսված է ԱՄՆ ժամանակավոր այցելության համար:
Խարդախությունն իրականացնելու համար, ըստ մեղադրական կողմի, Ստելլա Բոյաջյանն օգտագործել է իր հիմնած «Big Apple Music Awards Foundation» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում և Հայաստանում ունեցած կապերը:
Հետաքննության տվյալներով` Բոյաջյանին այդ գործում օգնել են Հայաստանից։ ԱՄՆ մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիներից նա 3-15 հազար դոլար է պահանջել։
ԱՄՆ մուտք գործելուց հետո ՀՀ քաղաքացիները Բոյաջյանին և նրա հանցակիցներին հավելյալ գումար են վճարել վիզայի ժամկետը երկարաձգելու համար։