Հայաստանն առաջիններից մեկն է վճարել ՄԱԿ–ի անդամավճարը

Անդամավճարը բյուջե փոխանցելու հարցում Հայաստանը դարձել է ՄԱԿ–ի ամենաբարեխիղճ անդամներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայաստանն առաջին երկիրն է, որն ամբողջությամբ վճարել է 2018 թվականի ՄԱԿ-ի անդամավճարը։ Այս մասին գրված է կազմակերպության կայքում։

2018 թվականի փետրվարի 7-ի դրությամբ, ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե ամբողջությամբ փոխանցում է կատարել է 45 անդամ պետություն։ Առաջինը Հայաստանն է եղել, որը անդամավճարը փոխանցել է հունվարի 10-ին։

Վրաստանը վճարել է հունվարի 25-ին, Ադրբեջանը` հունվարի 30-ին։ Իրանն ու Թուրքիան ցանկում չկան։

ՄԱԿ-ի բյուջեի հիմնական աղբյուրը անդամավճարներն են, որոնք սահմանվել են անդամավճարների կոմիտեի (ներառում է 18 փորձագետ, որոնք գործում են կամավոր հիմունքներով և ընտրված են ԳՎ-ի կողմից) խորհրդով Գլխավոր վեհաժողովի հաստատած սանդղակի համաձայն։

Հիմնական չափանիշը, որի հիման վրա կառուցվում է անդամավճարների սանդղակը, երկրի վճարունակությունն է։ Այն որոշվում է` հաշվի առնելով համախառն ազգային արտադրանքում անդամավճարի մասնաբաժինը, որը շտկվում է` հաշվի առնելով կոնկրետ երկրի բնակչության մեկ շնչին բաժին հասնող եկամտի չափը։ Հանձնաժողովը յուրաքանչյուր երեք տարին մեկ վերանայում է գնահատման սանդղակը` հիմնվելով եկամուտների վերաբերյալ վիճակագրական վերջին տվյալների վրա, ստուգելով բյուջետային հատկացումների ճշգրտությունը և ամբողջականությունը: 2000 թ. Գլխավոր ասամբլեան որոշեց, որ անհատական վճարը չպետք է գերազանցի ՄԱԿ-ի բյուջեի 22% —ը: