Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայի մեջ կնոջ ու տղամարդու դիակներ են հայտնաբերել

Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում` ավտոտնակներից մեկում, հայտնաբերել են 39 տարեկան տղամարդու և 41 տարեկան կնոջ դիակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիներն ահազանգել են Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիակներ կան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանած Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրանք մահացել են շմոլ գազից։

Հավանաբար միացրել են ավտոմեքենայի շարժիչը, որպեսզի տաքանան, ու, քանի որ ավտոտնակի դուռն էլ փակել են, արտանետված գազը կուտակվել է մեքենայում և ավտոտնակում, ինչն էլ դարձել է ողբերգական մահվան պատճառ։