Բացահայտված կոռուպցիոն դեպքեր ու չբացահայտված մարտի 1. ներկայացնում է գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները և մարտի 1-ի գործի բացահայտման մանրամասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ գլխավոր դատախազության համար 24-ժամյա առաջնահերթություն է:

Պաշտոնական տվյալներով, եթե 2016 թվականի ընթացքում կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության 71 դեպք էր արձանագրվել, ապա 2017 թվականին` 163: Այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպմանն ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Կաշառքով տրամադրել են վարորդական իրավունքներ. ձերբակալվածները ոստիկաններ են

Համեմատության համար նա նշեց, որ 2007թ-ին նույն հանցատեսակների ընդամենը 7 դեպք է բացահայտվել:

«Համակարգային կոռուպցիոն դրսևորում էր սոցապնախարարության բժշկական սոցիալական հանձնաժողովի բացահայտումը, քրեակատարողական հիմնարկներից մեկում բացահայտումը և, իհարկե, չեմ կարող չնշել «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի բնապահպանական պետական տեսչության գործունեության բացահայտումը, ինչի հետևանքով մեղադրանք է առաջադրվել 13 անձի», –ասաց գլխավոր դատախազը:

Լրագրողները կոռուպցիայից բացի հետաքրքրվեցին նաև «Մարտի 1-ի» քրեական գործի ճակատագրով։

Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ այն բացառիկ նշանակություն ունի պատասխանատու մարմինների համար և չի կարող կարճվել։

«Այն կարճման որևէ միտում չունի այս պահին, քրեական գործում գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ»,– ասաց նա` խոստանալով, որ եթե որևէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի և լինեն բավարար ապացույցներ, հանրությունն այդ մասին կիմանա։

Գլխավոր դատախազի հավաստմամբ` միայն 2017 թվականին այս գործով 100-ից ավելի հարցաքննություններ են եղել, տասնյակ փորձաքննություններ, որոնք միտված են 2008-ի մարտի 1-ին կատարված սպանությունների բացահայտմանը։