Ալիևը խաղի ռիսկային կանոններ է ընտրել. ռուս փորձագետը` Ալիևի` Երևանը գրավելու մասին

Նախագահական ընտրություններին նախաշեմին ադրբեջանցի առաջնորդը ձգտում է չեզոքացնել այն մրցակիցներին, որոնք հանդես կգան արմատական կարգախոսներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Երևան «վերադարձնելու» մասին կապված են նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ։ Նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը։

Նրա խոսքով` Ալիևը ձգտում է իր կողմը գրավել է արմատական տրամադրվածություն ունեցող ընտրողներին։ Ժարիխինի կարծիքով` երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը չափազանց լարված է։

Ի՞նչ ականից է վախենում Ալիևը կամ Արցախի գործոնն Ադրբեջանի ընտրությունների որոշման մեջ

«Անշուշտ, սա նրա (Ալիևի, խմբ.) նախընտրական քարոզարշավի մասն է։ Նա որոշել է այդ ծայրահեղ հայտարարությամբ (նախկինում ես Ադրբեջանի կողմից, համենայն դեպս պաշտոնատար անձանց շուրթերով նման հավակնությունների մասին չեմ լսել) չեզոքացնել այն մրցակիցներին, որոնք հանդես կգան արմատական կարգախոսներով։ Սա ավելի քան արմատական է», – ՌԻԱ Նովոստիին ասել է փորձագետը։

Ժարիխինը կարծում է, որ ադրբեջանական ղեկավարության արտահայտությունները չեն բարելավի երկրների միջև հարաբերությունները և, առավել ևս, չեն նպաստի Արցախի շուրջ բանակցային գործընթացի զարգացմանը։ Նրա համոզմամբ` Իլհամ Ալիևը խաղի բավական սուր և ռիսկային կանոններ է ընտրել։

Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում հայտնել է. «Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը»։ Նա նաև նշել է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նախագծերից, ու երկրի մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական հողերը» չեն ազատագրվել։