Հայերի վզին փաթաթված Աթեշյանը. Թուրքիան արգելքներ է ստեղծում Պոլսո Հայոց պատրիարքի համար

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտարարել է, որ իշխանությունը Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես պատրիարքական տեղապահ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Թուրքիայի իշխանությունը հերթական անգամ խանգարում է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել էր, որ իշխանությունները չեն ճանաչում Գարեգին Բեքչյանի ընտրությունը` որպես Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ։

Ստամբուլի նահանգապետը նամակով դիմել էր Պատրիարքարան, որում նշել էր, որ նահանգապետարանը Պոլսո Հայոց տեղապահ է համարում Արամ Աթեշյանին, իսկ Բեքչյանի հետ կապված բոլոր գործընթացներն ու որոշումներն անօրինական են։

Հայոց պատրիարքի ընտրության հարցը Թուրքիայում նոր կրքեր է բորբոքել

Հայկական համայնքի և եկեղեցու գործերին միջամտելու այս կոպիտ փորձը դատապարտել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։ Նրա խոսքով` համայնքը երկար տարիներ չէր կարողանում պատրիարք ընտրել, թվում էր` խնդրի լուծումը մոտ է, բայց Ստամբուլի նահանգապետը կրկին խաթարել է գործընթացը։

«Ստամբուլի նահանգապետի հայտարարությունը նման է պատրիարքարանում հարկադիր կատարողի նշանակման։ Սա բաց հարված է»,- Twitter-իր էջում գրել է Փայլանը։

Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը հաղթել է 2017 թվականի մարտին կայացած ընտրություններում։ Նա այդ պաշտոնում փոխարինել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, որին շատերը համարում էին թուրք իշխանությունների դրածո։ Աթեշյանն անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում լրագրողներին հայտնել էր, որ պատրիարքի ընտրություններ չեն լինելու. թուրք իշխանությունը թույլ չի տա։ Ավելին` Աթեշյանը վստահեցրել էր, որ Թուրքիայի իշխանությունը կոչ է անում իրեն վերադարձնել նախկին պաշտոնին, իսկ գործող տեղապահ Բեքչյանին հեռացնել պաշտոնից, քանի որ նա ըստ կանոնների չի ընտրվել։

Թուրքական «Ակոս» թերթի հայկական տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով` երկրի իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով հայ համայնքի վզին են «փաթաթում» Աթեշյանին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ համայնքը չի ընդունի իշխանության թեկնածուին, քանի որ պատրիարքի աթոռին է տեսնում Բեքչյանին։ Էստուկյանի խոսքով` թեև Աթեշյանը շատ համախոհներ ունի հայ համայնքում, այնուհանդերձ, մարդկանց մեծամասնությունը նրան իշխանության դրածո է համարում։