ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. «Ռոստելեկոմ» ռուսական հեռահաղորդակցական ընկերությունը մտածում է Հայաստանում «դուստր» ընկերությունը վաճառելու մասին։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության նախագահ Միխայիլ Օսեևսկին Ռուսական բիզնեսի շաբաթի շրջանակում կայացած «Թվային տրանսֆորմացիայի համաժողովի» կուլուարներում։
«Մենք մտածում ենք, թե որքանով է այդ բիզնեսը կոմպլեմենտար։ Ակնթարթորեն վաճառելու խնդիր չկա», — նշել է Օսեևսկին։
Ընկերության նախագահը հնարավոր վաճառքի պատճառների շարքում նշել է հայկական շուկայի առանձնահատկությունները։
«Ամեն դեպքում օրենսդրությունը տարբեր է, հաճախորդների բազան տարբեր է, տարբեր են պրոդուկտները։ Մենք մտածում ենք, թե ինչպես ավելի արդյունավետ կազմակերպենք մեր աշխատանքն այնտեղ (Հայաստանում, խմբ.)։ Հնարավոր է` վաճառքի միջոցով», — ասել է նա։
«Ռոստելեկոմը» ռուսական հեռահաղորդակցական ընկերություն է` առավելապես պետական մասնակցությամբ։ Լայնաշերտ ինտերնետի, ինտերակտիվ հեռուստատեսության, բջջային կապի, տեղական ու հեռահար հեռախոսային կապի և այլ ծառայություններ է մատուցում։