Հայաստանի իշխանությունը թույլ չի տալիս աջ ճանապարհից ձախ «շեղվել»

Աջ ղեկով մեքենաների ներկրումն ուզում են արգելել սկզբում կես տարով, հետո` ընդմիշտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 8 փետրվարի — Sputnik. Հայաստանում աջակողմյան ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են, այդ պատճառով էլ պետք է սահմանափակել դրանց ներկրումը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը` աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին օրինագծի քննարկման ընթացքում։

«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»

Արգելքը կտևի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը, սակայն իշխանությունը մտադիր է մշտական դարձնել։

Չի կարելի աջ ղեկով նոր մեքենաներ ներմուծել, սակայն կարելի է օգտվել արդեն ներմուծածներից։ Իսկ մինչև ապրիլի 1-ը ժամանակ են տալիս, որպեսզի արդեն պատվիրած մեքենաները հասնեն Հայաստան։

«Աջ ղեկերի» վարորդները, սակայն, պահանջում են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, ու նրանք արդեն մի քանի ցույց են անցկացրել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու դեպքում մարդիկ էժան գնով կգնեն 20 տարվա ձախակողմյան մեքենաներ:

«Դուք խոսում եք անվտանգության մասին։ Ո՞ր մեքենան է ավելի անվտանգ. 3-4 տարվա աջ ղեկովը, թե 15 տարվա ձախ ղեկովը», — նշեց նա։

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ աջ ղեկով մեքենաները կարող են ավելի անվտանգ դառնալ հայելիների ու տեսախցիկների օգնությամբ, որոնք կարելի է տեղադրել տեսադաշտը մեծացնելու համար։

«Դա շատ համեստ ծախսերի հետ է կապված, տեսանելիությունն էլ ապահովվում է։ Եթե անհանգստանում եք զուտ անվտանգության համար, ապա այդ հարցը շատ հեշտ է լուծվում», — ընդգծեց նա։

Հանրապետությունում աջ ղեկով մեքենաների թիվն ավելանում է, թեև երկրում օրինականացված է աջակողմյան երթևեկությունն ու ձախ ղեկը։

«Մենք պետք է պահպանենք օրենքը, բայց միաժամանակ չարգելենք մարդկանց օգտագործել իրենց ունեցած մեքենաները։ Այսինքն` չզրկենք նրանց սեփականությունից», —հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` ՀՀ-ում աջ ղեկով շուրջ 35 հազար ավտոմեքենա կա, որոնց տերերը կառավարության նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում ու պայքարում դրա ընդունման դեմ: Ընդ որում` միայն մեկ տարի առաջ են սկսել մեքենաների տեխնիկական անձնագրերում նշել աջ ղեկի փաստը։