Ուկրաինայում ապրող հայ գործարարը կալանավորվեց. պատճառը հին պարտքերն են

Ուկրաինայում բնակվող հայ գործարարին մեղադրում են խարդախության մեջ։ Որոշ տվյալների համաձայն` խոսքը ռուսական բանկերից վերցրած գումարի մի մասի հափշտակումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Մոսկվայի դատարանը կալանավորեց «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, «Դոնբասի արդյունաբերական միություն» ուկրաինական մետալուրգիական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մկրտչյանին կասկածում են առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ։ Նրան կալանավորել են մինչև ապրիլի 5-ը։

Մոսկվայում ձերբակալվել է Հենրիխ Մխիթարյանի կարիերայի հետ կապ ունեցող հայ գործարարը

Պաշտոնական հայտարարություններ դեռ չկան, բայց ԶԼՄ-ները ենթադրում են, որ գործը կապված է ռուսական բանկերի տված խոշոր գումարների հետ, որոնք հատկացվել են Մկրտչանի նախագծերի համար։

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ փողերը կարող էին դուրս բերել օֆշորային ընկերությունների միջոցով և հափշտակել։

«Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերության սեփականատերերը դեկտեմբերին հայտնել էին Դոնբասում ակտիվների վերահսկողությունը կորցնելու մասին (Ալչևսկի մետալուրգիական կոմբինատ և Ալչևսկի կոկսաքիմիական գործարան, ինչպես նաև «Էկոէներգիա» ձեռնարկություն)։ Մկրտչյանը հայտնել էր, որ ձեռնարկության աշխատանքը կարող է իրականացվել «բացառապես Ուկրաինայի իրավական դաշտում», սակայն այժմ դա հնարավոր չէ։

Պարբերականի տվյալներով` Մկրտչյանը Կուբանում մի քանի ձեռնարկության սեփականատեր էր, ինչպես նաև մի քանի ֆուտբոլային ակումբներ ուներ, այդ թվում Կրասնոդարի «Կուբան» ՖԱ-ն։ Սակայն երկու տարի առաջ պարտքերի մեջ հայտնված թիմի բաժնետոմսերը նա փոխանցել էր երկրամասի իշխանություններին։

2010 թվականին Ուկրաինայում ապրող գործարարը ներառվել էր Forbes-ի ցուցակում։