ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀԱՊԿ-ը կնպաստի Երևանում պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցահանդեսի անցկացմանը։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Մենք արդեն սկսել ենք ցուցահանդեսին պատրաստվել հայ գործընկերների ու Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի հետ։ Ռուսաստանից ու Հայաստանից բացի, ցուցահանդեսին մասնակցելու են նաև Ղազախստանն ու Բելառուսը», — ասել է Սեմերիկովը։
Գլխավոր քարտուղարի տեղակալը խոստացել է` գործնական ծրագիրը հագեցած է լինելու։ Ցուցահանդեսին Ռազմարդյունաբերական հանձնաժողովի աշխատակիցները հանդիպելու են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Պաշտոնյաները քննարկելու են հայ-ռուսական համատեղ ռազմական արտադրանքի ու տեխնիկայի համար սպասարկման կենտրոնների ստեղծման հարցերը։
2018 թվականի մարտի 29-ից 31-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների» ԳԻ ՓԲԸ-ն, «Ցուցահանդեսային ընկերությունների միավորում «Բիզոն»» ՓԲԸ-ն։
ArmHiTec-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում։ Առաջին անգամ ցուցահանդեսն անցկացվել է Երևանում 2016 թվականի հոկտեմբերին։