Երևանում հայտնաբերված մերկ դիակի ինքնությունը պարզվել է. նա հանցագործ աշխարհից է եղել

Տղամարդու վրա բազմաթիվ դաջվածքներ են եղել։ Պետք է պարզել, թե նրա դին ինչպես է հայտնվել ամայի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են փետրվարի 4-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերված տղամարդու ինքնությունը:

Առեղծվածային դեպք Երևանում. տղամարդու մերկ դիակ են հայտնաբերել

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 64 տարեկան Նորայր Մելքոնյանն է:

Ըստ կայքի՝ նա նախկինում դատապարտված է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 2017 թ.-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում կողոպուտ կատարելու համար գտնվել է հետախուզման մեջ, իսկ այս օրերին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի էր ունենում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարանը նրա նկատմամբ բնակության վայրը չհեռանալու որոշում էր կայացրել:

Քանի որ նրան հայտնաբերել են մահացած, իսկ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դատարանը գործը կկարճի:

Պետք է պարզել, թե նրա դին ինչ պայմաններում է հայտնվել ամայի տարածքում:

Դիակի վրա եղել են բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ ութանկյուն աստղ:

Նշենք, որ մերկ դիակը հայտնաբերվել էր փետրվարի 4-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում` ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում։