ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը մեկնարկել է։ Երեկ Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Փետրվարի 8-ին համանախագահները կայցելեն նաև Երևան, ապա` Ստեփանակերտ:
Համանախագահների հերթական այցից ակնկալիքների մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Շատ քիչ ժամանակ է մնացել։ Միևնույն է` լինելու է հայտարարություն` և՛ Ադրբեջանի, և՛ համանախագահների կողմից։ Մենք այդ հայտարարություններից հետո արդեն կկարողանանք տալ մեկնաբանություն։ Բայց ես կխնդրեմ ձեզ ուշադիր հետևել և հայտարարությունները լինելուց հետո համեմատել, թե ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը և ինչ է ասել Ադրբեջանը»,– ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, դրանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուղեգիծը մնում է անփոփոխ, իսկ առաջընթացի համար, Շավարշ Քոչարյանի խոսքով, անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, որը հնարավոր է միայն համապատասխան համաձայնությունները կյանքի կոչելու արդյունքում։
«Այս պահին մենք կարող ենք արձանագրել փոքր քայլ` դա Կրակովի համաձայնությունն էր` մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու մասին։ Բայց այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,– նշեց Քոչարյանը։
Հարցին, թե Ադրբեջանում ու Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններն ինչպես կարող են ազդել արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսի վրա, փոխնախարարն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները։ Գիտենք, թե դրանք ինչպես են կազմակերպվում։ Դրանց արդյունքը միշտ կանխորոշված է։ Այնպես որ, ես առաջին հերթին այդ ընտրությունների առաջ բերելը կպայմանավորեի իրենց ներքին ներկլանային հարաբերություններով»։
Իսկ Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման վրա դրանք, ըստ Քոչարյանի, որևէ ազդեցություն չեն ունենա։