ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդել է Պյեր Էմերիկ Օբամեյանգի` «Արսենալ» տեղափոխվելու որոշման վրա։ Այդ մասին հայտնի ֆուտբոլիստ Օբամեյանգը պատմել է Arsenal Weekly Podcast–ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` լոնդոնյան ակումբ տեղափոխվելու կարևոր գործոններից մեկը եղել է հենց Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գործընկերը։
«Շատ ուրախ եմ իմ լավ ընկեր Մխիթարյանի հետ կրկին խաղալու համար։ Անցյալում նույն ակումբում եղել ենք, և շատ ուրախ եմ, որ կրկին տեսնում եմ նրան։ Հենրիխը զանգահարել է ինձ մի քանի անգամ, հարցրել` տեղափոխվելու եմ Արսենալ, թե՞ ոչ։ Ես պատասխանել եմ Հենրիխին, որ սկզբից նա պետք է պայմանագիր կնքի լոնդոնցիների հետ», – մեջբերում է հարձակվողի խոսքերը Sky Sports–ը` հղում անելով Arsenal Weekly Podcast–ին։
Երբ Մխիթարյանն ասել է, որ «Արսենալի» հետ գործարքը ձևակերպված է, Օբամեյանգը միանգամից մտածել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին։
Հարձակվողը հայ կիսապաշտպանի հետ հանդես է եկել դորտմունդյան թիմում երեք խաղաշրջանների ընթացքում։ 2016թ–ի կեսին Մխիթարյանը լքել է «Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար։
«Արսենալի» հաջորդ հանդիպումը «Տոտենհեմի» հետ տեղի կունենա փետրվարի 10–ին Անգլիայի առաջնության 27–րդ փուլում։